▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքում թունավոր նյութերով հագեցած պոչամբարի ջուրը թափվում է գետը

Համահայկական բնապահպանական ճակատը  ներկայացնում է տեսանյութ, Սյունիքի մարզում, Գեղի գետի վերին հոսանքներում շահագործվող Հանքասարի հանքավայրի վթարի և դրանից բխող բնապահպանական աղետալի իրավիճակների մասին:

2013 թ հունիսի 25-ից 30-ը Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) անդամները գտնվում էին Սյունիքի մարզում՝ փաստագրելու մարզում առկա հանքավայրերի ու պոչամբարների ընթացիկ վիճակը և բնապահպանական խնդիրները: Դրանց թվում նախատեսված էր նաև հունիսի 26-ին այցելել Գեղի գետի վերին հոսանքներում շահագործվող Հանքասարի հանքավայր: Բարձրանալով Գեղի գետի վերին հոսանքները՝ Աջաբաջ գյուղից մոտ 2 կմ վերև, բնապահպանները երեկոյան ժամը վեցից հետո հասնում են հանքավայրի տարածք և ականատես լինում վթարային վիճակի: Նշենք, որ տվյալ հանքը շահագործվում է «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից, որի հարստացուցիչ ֆաբրիկան գտնվում է լեռան կատարին, իսկ ձորի մեջ գործում է պոչամբար, որը, բնապահպանների կարծիքով, ճիշտ չի կառուցված և գործում է խախտումներով: Ըստ պոչամբարի պահակների խոսքերի՝ նախորդ օրը՝ հունիսի 25-ի երեկոյան, պոչամբարի տարածքում վթար է տեղի ունեցել. պոչամբարի կողքով անցնող խողովակը, որի միջով հոսում է լեռնային գետը, պայթել է: Բնապահպանների տեսախցիկը փաստագրում է մի աղետալի վիճակ. պլաստիկե խողովակաշարը, որի միջով հոսում է լեռնային գետը, վարարման պատճառով մի քանի տեղից պայթել է, և ջուրը հոսել-լցվել է պոչամբարի մեջ: Խառնվելով պոչամբարի թափոնների հետ՝ թունավոր թափոնաջրերն իրենց հերթին հոսել-խառնվել են Գեղի գետին, ինչը լրջագույն վտանգ է շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Այս ամենի մասին բնապահպանները անմիջապես ահազանգում են Արտակարգ իրավիճակների նախարարություն: Մեր այցելության պահին նկարահանած տեսանյութում ակնհայտ երևում է, որ գործող պոչամբարի մեծ մասը լցված է գետի ջրով` ինչն ակնհայտորեն խողովակաշարի՝ 4-5 տեղից պայթյունի հետևանք է: Իսկ թե ե՞րբ է իրականում տեղի ունեցել վթարը և ի՞նչ է կատարվել կոնկրետ վթարի պահին, դժվար է ասել, քանի որ «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի աշխատակիցներից բացի այլ ականատեսներ չկան:

Սպասում ենք պետական մարմինների համապատասխան արձագանքին:

Համահայկական բնապահպանական ճակատ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее