▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տաշիր» հիմնադրամը կֆինանսավորի «Երկիր դրախտավայր» ժողովածուի հրատարակումը

«Հայագիտակ» հրատարակչությունը հրատարակության է պատրաստել «Երկիր դրախտավայր. Նշանավոր օտարերկրացիները Հայաստանի և հայերի մասին հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը»  ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ 250 օտարերկրացի պատմիչների, ճանապարհորդների, դիվանագետների, գրողների, արվեստագետների, ռազմական, պետական գործիչների վկայությունները, բնութագրումները, ճամփորդական նյութերը, հոդվածներն ու գեղարվեստական ստեղծագործությունները: Նման ժողովածուի հրատարակումը բխում է համապարփակ հանրագիտարանային մի ամբողջության մեջ հայերի ու Հայաստանի մասին հայտնի օտարերկրացիների տեսակետներն ու գրառումները համախմբելու անհրաժեշտությամբ ու առկա պահանջարկով:

Ժողովածուի հրատարակմանն աջակցելու խնդրանքով նախաձեռնության հեղինակները դիմել են «Տաշիր»  բարեգործական հիմնադրամին: Հաշվի առնելով այս գրքի իրապես համազգային նշանակությունը և տեղեկատվական առկա բացը լրացնելու անհրաժեշտությունը՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, որոշել է ամբողջությամբ ֆինանսավորել «Երկիր դրախտավայրի»  հրատարակությունը: Ստեղծվել է ստեղծագործական-հրատարակչական ախատանքային խումբ՝ «Հայագիտակ» ընկերության նախագահ Ալբերտ Իսոյանի նախագահությամբ: Խմբում ներգրավված են նաև ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը, ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը և Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը:

Գիրքն ընդգրկելու է հունահռոմեական, ասորական, բյուզանդական, պարսկական, թուրքական, եվրոպական և այլ աղբյուրներից քաղված տվյալներ, որոնք ամբողջացնում են ինչպես համաշխարհային մեծ ճանաչում ունեցող, այնպես էլ մեր հանրության լայն շրջանակներին ոչ շատ հայտնի, բայց իրենց ժամանակաշրջանում շոշափելի դերակատարություն ունեցած օտարերկրացիների մոտեցումներն ու գնահատականները հայ ժողովրդի ու Հայաստանի մասին, ինչը թույլ կտա թե հայ և թե  միջազգային հանրությանը համապարփակ ներկայացնել մեր երկիրն ու ժողովրդին հենց օտարերկրացիների աչքերով: Ներկայիս աշխարհաքաղաքական հարաբերություններում, երբ հաճախ առաջին ու երբեմն որոշիչ նշանակություն են ստանում տեղեկատվական հակամարտությունները, շատ կարևոր է ներկայացնել այն, ինչ ունենք, ինչը փաստ ու իրականություն է, ի տարբերություն մեր որոշ հարևանների, որոնք պարբերաբար փորձում են իրականության տեղ անցկացնել չեղածն ու հնարովին: Նաև այս առումով «Երկիր դրախտավայր»ժողովածուն կարող է իր մեծ ներդրումն ունենալ:

Գրքի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են, և ժողովածուն նախատեսվում է լույս ընծայել առաջիկա 5-6 ամսվա ընթացքում: Նախնական պայմանավորվածությամբ, ժողովածուի տպաքանակի զգալի մասը, որպես նվեր, կտրամադրվի Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհի մի շարք երկրների գրադարաններին:

 

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее