Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը ՀԹԳՄ նախագահության, վարչության և քարտուղարության անունից ցավակցություն է հայտնել շնորհալի դերասան Հովիկ Վանյանի անժամանակ մահվան առթիվ:
-Հովիկ Վանյանը դերասանական այն ընտանիքի ներկայացուցիչն էր, որը 1970-ականների սկզբներից նոր շունչ բերեց Գյումրու թատրոնին, ստեղծեց հետաքրքիր ու ինքնատիպ ավանդույթներ, որոնք ցայսօր պահպանվում են մեր երկրի հնագույն թատրոնում:
Հովիկ Վանյանի մուտքը Գյումրու թատրոն իսկապես շռնդալից էր, նա այստեղ խաղաց մոտ մեկ տասնյակ դեր, որոնց թվում՝ Ֆրանսուա՝ Սարտրի ,,Անշիրիմ մեռելներ,, , Սուրեն՝ Շիրվանզադեի ,,Պատվի համար,, , Օլեգ՝ Ռոզովի ,,Երջանկություն որոնելիս,,... Նրա Սուրենը համարվեց այս կերպարի լավագույն մեկնաբանություններից մեկը հայ թատրոնում, Օլեգը հմայեց ու գերեց պատանեկան ազնվությամբ ու շիտակությամբ: Հովիկ Վանյանի մուտքը կինեմատոգրաֆ ևս պսակվեց հաջողությամբ: Նա նկարահանվեց կինոյի լեգենդներ դարձած Արմեն Ջիգարխանյանի, Ֆրունզե Դովլաթյանի, այլոց հետ, հեռուստաթատրոնում խաղընկերը եղավ անզուգական Մետաքսյա Սիմոնյանի...
Մենք բոլորս մեր խոր վիշտն ենք հայտնում շնորհաշատ դերասանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին, բոլորիս...,- նշված է Հակոբ Ղազանչյանի ցավակցական խոսքում:
Հիշեցնենք, որ դերասան Հովիկ Վանյանը հանկարծամահ է եղել երեկ` Սայաթ-Նովա պողոտայի և Տերյան փողոցի խաչմերուկում, Կենտրոն վարչական շենքի դիմաց: