vivaronews.am-ը գրում է. Չնայած «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպմանը «Յունայթեդի» հայտացուցակից կրկին դուրս մնալուն՝ Հենրիխ Մխիթարյանը վճռականորեն տրամադրված է պայքարել թիմում իր տեղի համար՝ գրում է The Guardian-ը:
Մխիթարյանն ընդամենը չորս հանդիպման է մասնակցել նոր թիմի կազմում՝ Պրեմիեր լիգայում ընդհանուր խաղադաշտում անցկացնելով 105 րոպե:
Մխիթարյանն իհարկե ակնկալում էր, որ խաղալու է «Սիթիի» դեմ, քանի որ մարզումներն անցկացրել էր ինչպես պետք է, հայտավորվել խաղին, սակայն խաղի մեկնարկից որոշ ժամանակ առաջ դուրս մնացել հայտացուցակից: 27-ամյա հայ ֆուտբոլիստը, սակայն, չի ուզում հեռանալ «Յունայթեդից», այլ ցանկանում է թիմի կազմում իր տեղի համար պայքար մղել:
Մոուրինյոն ավելի վաղ հայտարարել է, որ Մխիթարյանը պետք է լավ մարզվի, որպեսզի բարձր խաղամակարդակ ձեռք բերի: Ֆուտբոլիստը, որը նախորդ մրցաշրջանում Բունդեսլիգայի խաղացողների քվեարկությամբ ճանաչվեց լավագույնը մրցաշարում, մինչև «Յունայթեդ» տեղափոխվելը գիտեր, որ մեկնարկային կազմում տեղն ապահովագրված չէ:
«Կարևոր չէ՝ ինձ համար 38 միլիո՞ն են վճարում, թե՞ 40, քանի որ դա չի նշանակում, որ ես պետք է բոլոր խաղերին մասնակցեմ: Ես ամեն ինչ անելու եմ բարձր խաղամակարդակ ու կազմում տեղ ձեռք բերելու համար: Ես չեմ ակնկալում, որ բոլոր խաղերին պետք է մասնակցեմ, քանի որ դա պայմանավորված է խաղով, տակտիկական մտահղացմամբ, սակայն մի բան գիտեմ, որ ամեն ինչ անելու եմ թիմին օգնելու համար»,- ասել էր Մխիթարյանը: