ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զորաբյանը ԱԺ-ում խոսելով «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծի մասին` ասաց, որ այն քաղաքական լուրջ ենթատեքստ է պարունակում:
«Քանի՞ անգամ է դեպք եղել, երբ խորհրդարանական մեծամասնության հանձնաժողովները մերժեն այն նախագծերը, որը բերել է այս կառավարությունը: Քանի՞ անգամ է եղել, երբ հանձնաժողովները, որոնք գլխավորում են քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները, դրական եզրակացություններ տան այն նախագծերին, որոնց վերաբերյալ կառավարությունը տվել է բացասական եզրակացություն: Ես կարող եմ հիշել նման եզակի դեպքեր: Ուստի այսօր պահանջել կառավարությունից հարգել Սահմանադրությունը, կարծում եմ ազնիվ չէ: Դեռ պիտի շնորհակալ լինենք, որ այս կառավարությունը չի դիմում Սահամանդրական բարեփոխումների հանձնաժողովին և չի ասում՝ եկեք իմ դե ֆակտո արտոնյալ կարգավիճակն ամրագրենք նաև դե յուրե»,- ասաց պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ նախագիծը բերել է մի կառավարություն, որը համարում է, թե խորհրդարանն իր կցորդն է և որի ղեկավարը Կենտրոնական բանկի նախագահ եղած ժամանակ ԱԺ ամբիոնից հրավիրում էր պատգամավորներին աշխատելու Կենտրոնական բանկում որպես հավաքարար, որովհետև որոշ պատգամավորներ կարծիք էին հայտնել, որ Կենտրոնական բանկի հավաքարարն ավելի բարձր աշխատավարձ է ստանում, քան Ազգային ժողովի պատգամավորը: