▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տուժող կողմ. Ներել չկա, Վարդան Պետրոսյանը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ. pastinfo.am

pastinfo.am-ը գրում է. Լուսանկարներից  ակնհայտ ու պարզ երևում է, որ «ՆԻՎԱ»  մակնիշի ավտոմեքենայի հետ Վարդան Պետրոսյանի մեքենայի բախումը տեղի է ունեցել հողածածկ գոտում, այսինքն՝ երթևեկելի մասից դուրս: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում այսօր հայտարարել է    տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը: Ըստ նրա,  սա բավարար է,  որպեսզի վթարի մեջ  Վարդան  Պետրոսյանը ճանաչվի մեղավոր:  
 
«Թե ինչու է Վարդան Պետրոսյանը երթևեկելի մասից  մուտք գործել հողածածկ տարածք,  բախվել հողածածկ տարածքում կանգնած «ՆԻՎԱ»-ին,  չեմ ուզում մեկնաբանել, չեմ ուզում որևէ  ձևով վնասել, ցավ պատճառել: Ես գիտեմ դրա պատճառը, բայց չեմ ուզում որևէ մեկին լրացուցիչ ցավ պատճառել»,- ասել է ուժող կողմի ներկայացուցիչը՝ միաժամանակ ընդգծելով. «Չնայած որ պաշտպանական կողմը Հակոբյանների ընտանիքին  ենթարկում է փորձությունների՝ օրական մեկ մեղադրող  հոդված կամ նյութ հրապարակելով»:
 
Ռուբեն Բալոյանը նշել է, որ վերջին՝ վթարի 3D մոդելավորված տարբերակի վերարտադրության վերաբերյալ նյութով փորձ արվեց «ՆԻՎԱ»-ի վարորդին մեղադրել վթարի մեջ և Վարդան Պետրոսյանին արդարացնել:
 
«Ցավալին այն է, որ նյութը տեղադրվեց հենց երեխաների քառասունքի օրը, բարոյական տեսանկյունից դա անընդունելի է, նման բան չէր կարելի անել: Այնպիսի մի վիճակ է ստեղծվել, որ ինձ տուժողների հարազատները հստակ հայտարարեցին, որ՝  ներել չկա, Վարդան Պետրոսյանը պետք է պատժվի՝  օրենքի ողջ խստությամբ»:
 
Ռ.Բալոյանը հիշեցրել է, որ ինքն ի սկզբանե բոլոր լրատվամիջոցներին կոչ է արել ազգովի նախաքննություն չկատարել, իսկ պաշտպանական կողմին մի անգամ զգուշացրել է՝ «թույլ մի տվեք, որ անցնեմ հակագրոհի»:
 
«Բայց տեսնում  եմ, որ  չի ստացվում,  նորից շարունակվում է նույն պատմությունը»,- ասել է Ռ.Բալոյանը: 
 
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհի 2-րդ կիլոմետրին դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան բախվել էր «Վազ 2121» մակնիշի մեքենային:
 
Վթարի հետևանքով՝ «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
 
Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее