Մարտի 15-ին Ստամբուլում գումարվել էր Պոլսի հայոց պատրիարքարանի կրոնական ժողովը՝ պատրիարքի տեղապահ ընտրելու համար: Ընտրություններում 12 ձայնի առավելությամբ Պատրիարքի տեղապահ է ընտրվել Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Ընտրություններին մասնակցելու իրավունք է ունեցել Պոլսո միաբանության 34 հոգևորական, որոնցից 23-ը իր ձայնը տվել է Բեքչյանին: Աթեշյանը ստացել է 11 ձայն: Ընտրություների ավարտից րոպեներ անց Աթեշյանը լրատվամիջոցներին և հոգևորականներին է ներկայացրել Ստամբուլի նահանգապետարանից ստացված պաշտոնական գրությունը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից: Փոխնահանգապետ Ազիզ Մերջանի ստորագրությամբ և «շտապ» մակագրությամբ նամակում նշվում է, որ պատրիարքի ընտրության գործընթացը իրավաբանորեն հնարավոր չէ:
Թեկնածուներն էին պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գարեգին Բեքչյանը և պատրիարքության հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Վերջինս ընտրությունների նախօրյակին հայտարարել էր թեկնածությունը հանելու մասին՝ հօգուտ Գարեգին Բեքչյանի:
Վերլուծաբան Սարգիս Հացպանյանն օրերս այս խնդրին անդրադառնալով ասել էր.
«Այժմյան վիճակն, իրոք, աննախադեպ է: Անգամ Պոլսո պատրիարքարանի դռներն են փակել Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի դիմաց: Թուրքական ոստիկանությունն արգելել է նրան ներս մտնել: Ավելին, պատրիարքարանի դիմաց գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղապահն ու Մաշալյանը համատեղ ցանկացել են աղոթել, դռները պարանով փակել են՝ Աթեշյանի հրամանով: Ու այս ամենի համատեքստում զարմանալի է Մայր Աթոռի պահվածքը: Այսինքն, Աստծո տունը փակում է ու չի թողնում աղոթել: Սա անհեթեթություն է: Միայն եկեղեցու դռները փակելու համար Աթեշյանին կարելի էր կարգալույծ անել»:
Կոմիտաս վարդապետ Հովնանյանի խոսքով՝ ամեն ինչ այդքան հեշտ չէ.
«Խոսքը վերաբերում է արքեպիսկոպոսին, որը երկար ժամանակ այդ աթոռի պատասխանատուն է եղել: Կարգալույծ անելը դյուրին չէ, քանի որ վաղը մեկ այլ խնդրի առջև կարող ենք կանգնել: Աստված չանի, եթե Պոլսո պատրիարքությունն անկախություն հայտարարի ու սրան աջակցի թուրքական կառավարությունը: Աթեշյանը Թուրքիայի հավատարիմ քաղաքացի է համարվում: Այնպես որ, պետք է շատ ավելի խոհեմ գտնվել: Տա Աստված՝ ոչ ցանկալի երևույթներ չլինեն.մեզ միայն դա էր հիմա պակաս»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կոմիտաս վարդապետը:
Ինչ վերաբերում է Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին, ապա նա Կոմիտաս վարդապետի փոխանցմամբ՝ Պոլսում չէ.
«Պետական մարմինները կնքել են պատրիարքարանի դռները, որպեսզի նա ներս մտնել չկարողանա: Հիմա սպասում է հարցի դրական լուծմանը»,-նկատեց Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:
Բանախոսը հույս հայտնեց, որ ի վերջո, հոգևոր հոր կեցվածքը կտեսնի.
«Ամբողջ համայնքը Աթեշյանին սրբազան հայր է ասում: Ես ուզում եմ այդ սրբությունն ու հոգևոր հոր կերպարը տեսնել»,-նշեց Կոմիտաս վարդապետը:
Անի Կարապետյան