▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքի լեզուն քաղցր է, մտքերը՝ դառը. Նարեկ Կարապետյան

Այսօր Տավուշի մարզի Բերդ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե իրենք «վերադառնալու են իրենց պատմական հողեր»՝ Հայաստան։

«Այժմ ես գտնվում եմ մի համայնքում, որտեղ այս հարցը լուծված է եղել։ Այս համայնքին ու Գորիսին ժամանակին որքան ուզել են համոզել, ճնշել, ուժ կիրառել, չի ստացվել։ Ինչու՞, որովհետև նրանց համոզածը այստեղ չի անցել ո՛չ սովետի ժամանակ, ո՛չ հիմա։ Սա պատմականորեն հայկական տարածք է»,- դիմելով տավուշցիներին՝ ասել է Նարեկ Կարապետյանը՝ Հայաստանում ադրբեջանցիներին բնակեցնելու նախկին ու ներկա ծրագրերին անդրադառնալով։

«Դուք գիտեք՝ ոնց պահել տարածքը հայկական։ Դուք գիտեք՝ ոնց անել, որ մեր երկիրը չփոքրանա։ Սահմանը հենց այստեղով է գնում, ու հայը այստեղ մնում է։ Մի թիզ հող առանց պայքարի դուք թշնամուն չեք տվել, կանգնել եք ձեր հողի վրա,  թույլ չեք տվել, որ գան այստեղ։ Մեր երկիրը սովորելու բան ունի ձեզանից. սովորեցրեք Հայաստանի բոլոր քաղաքացիներին»,-ասել է Կարապետյանը՝ Տավուշի բնակիչներին։

Նա ընգծել է՝ եթե իշխանությունը վերարտադրվի,  ապա շատ արագ Սահմանադրությունը փոխելու են, ամրագրելու են Ալիևի պահանջը՝ Հայաստան ադրբեջանցիների «վերադարձի» մասին։

«Իրենք չեն էլ թաքցնում, բայց ժամանակին դուք այդ հարցը լուծել եք։ Օգնեք, որ ամբողջ Հայաստանը այդ հարցը լուծի։ Խոսեք մարդկանց հետ, բացատրեք, որ թուրքի լեզուն քաղցր է, բայց մտքերը՝ դառը»,- ասել է Նարեկ Կարապետյանը։

***

«Իշխանությունները չեն ամաչում, ասում են՝ պետք է բացենք Սյունիքի դարպասները, այդ ո՞ւմ  առաջ էին փակ Սյունիքի դարպասները. հո ֆրանսիացիների առա՞ջ չէին փակ, փակ էին մեր թշնամիների առաջ, ովքեր մեզ թեք աչքով են նայում»,-Տավուշի մարզի Բերդ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նա ընգծել է՝ այս իշխանությունները շարունակում են հլու-հնազանդ կատարել Ադրբեջանի պահանջները, օրինակ՝ Հայաստան նրանց «վերադարձի» պահանջը։

«Չկա մի հայ, ով փոխադարձ հարգանքին կողմ չէ։ Փոխադարձ հարգանքով շփվենք, բայց ոչ թե գան այստեղ՝ Հայաստան։ Ինչ ուզեցին, այս իշխանությունները տվեցին, տալու բան չունեն այլևս»,- ասել է Կարապետյանը։

Նա հայտարարել է՝ Հայաստանը պետք է մնա հայկական, պետք է ունենանք ուժեղ երկիր, ուժեղ տնտեսություն։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее