Տեղեկացրել էինք, որ հունիսի 7-ի առավոտյան Թեհրանում ահաբեկչություն է գրանցվել: Ահաբեկիչների առաջին խումբը, որը բաղկացած Է եղել երկու հոգուց, ներխուժել Է Թեհրանի հարավում գտնվող իմամ Խոմեյնիի դամբարան, ինչից հետո նրանցից մեկն ինքնապայթեցում Է իրականացրել, երկրորդը ոչնչացվել է իրավապահների հետ փոխհրաձգության ընթացքում:
Չորս ահաբեկիչներից բաղկացած երկրորդ խումբը հարձակում է կատարել Իրանի խորհրդարանի վրա: Մահապարտը գործի է դրել պայթուցիկ սարք: Եվս երեք ահաբեկիչներ ոչնչացվել են անվտանգության ուժերի կողմից:
Զոհվել է 17 և վիրավորվել` 39 իրանցի:
Պատասխանատվությունն անմիջապես ստանձնեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, ինչը արաբագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ կարևոր իրողություն է: Նրանք սովորաբար անմիջապես ստանձնում են գործողության պատասխանատվությունը, երբ իրենք են կազմակերպած լինում: Ավելին, նրանց հետ առնչություն ունեցող լրատվամիջոցն անմիջապես կադրեր է շրջանառում:
Իսկ, թե ինչո՞ւ ընտրվեց Իրանը, Արմեն Պետրոսյանը նկատեց.
«Իրանը համարվում է այս կառույցի գաղափարական թշնամիներից մեկը: Դեռևս մարտի վերջին ԻՊ-ը սպառնացող տեսանյութ էր հրապարակել և Իրանի հոգևոր առաջնորդին դիմելով նշել է, որ առաջիկայում նրա տուն կմտնեն ու կոչնչացնեն: Մենք տեսանք, որ հստակ որպես թիրախ ընտրվել էր Իրան պետությունը: Հարձակվեցին երկու կարևոր սիմվոլների ուղղությամբ: Եթե հարձակում իրականացնեին մարդաշատ վայրում, հավատացեք, վնասն ավելի շատ կլիներ, սակայն նրանք որպես թիրախ պետությանն էին ընտրել»:
Արաբագետի խոսքով՝ առնվազն երկու պետություն մեծ բավականություն ստացան կատարվածից: Դրանք Իսրայելն ու Թուրքիան են:
«2-ն էլ մրցակցում են Իրանի հետ, քանի որ լուրջ կայունություն է այդ երկրում»:
Արաբագետի խոսքով՝ Իրանի կողմից պատասխան հարվածը շուտ չի լինի.
«Տևական ժամանակ լուրջ գործողության նախապատրաստման ականատես կլինենք Իրաքում և Սիրայում»,-ընդգծեց Արմեն Պետրոսյանը: