Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են օրեր առաջ տեղի ունեցած Էրդողան-Մերկել հանդիպմանը: Մի շարք այլ հարցերի հետ մեկտեղ վերջիններս անդրադարձել են նաև Հայոց ցեղասպանությանը: Թուրքական «Հուրիեթի» փոխանցմամբ՝ թեմային առաջինն անդրադարձել է Թուրքիայի վարչապետը՝ մասնավորապես նշելով. «1915 թվականի դեպքերի 100-ամյակի համար ձեր բյուջեներին վճարումներ են հատկացվում: Այդ խնդրի նկատմամբ ավելի զգայուն պետք է լինեք: Անհրաժեշտ է, որ զգուշացնեք ձեր խմբին»:
Անգելա Մերկելն ի պատասխան նշել է, որ Գերմանիան ժողովրդավարական երկիր է և չի կարող միջամտություններ անել: Թուրքիային էլ անհրաժեշտ է առերեսվել պատմության հետ:
Նրա խոսքով՝
«Հայաստանում ապրող հայերին չպետք է նույնացնել այն հայերի հետ, ովքեր ստիպված են եղել ցրվել աշխարհի տարբեր երկրներով: Հայաստանի հայերը դժվար կացության մեջ են: Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը»:
Էրդողանն իր հերթին այսպես է արձագանքել.
«Ուզում եք մեզ ստիպել, որ ընդունենք մի բան, որը չենք արե՞լ: Մենք պատմաբանների առաջ բացել ենք մեր բոլոր արխիվները: Ամբողջ աշխարհին գալու և ուսումնասիրելու կոչ ենք արել, սակայն ոչ ոք չի եկել: Թուրքիայի նկատմամբ անարդար մի եղեք»: