Թուրքիայի արտգործնախարարությունն իր պաշտոնական կայքում մեկանաբանել է «Թուրքիայի Բանվորական կուսակցության» նախագահ Դողու Փերինչեքի կողմից Շվեցարիայի դեմ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված հայցի վերաբերյալ կայացված վճիռը: Գրում է ermenihaber.am-ը:
Մեկնաբանության մեջ Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից պատմական անվանված այս վճիռը որակվում է, որպես «օրենքի գերակայության վրա հիմնված հասարակությունների հիմքը հանդիսացող խոսքի ազատության պաշտպանության» մի նոր ժամանակշրջանի սկիզբ:
Թուրքական «Օդա թիվի»-ի հաղորդմամբ՝ մեկնաբանությունը շարունակվում է հետևյալ տողերով. «ՄԻԵԴ-ի որոշումը պատմության և օրենքի քաղաքականացման, ինչպես նաև պատմության միակողմանի մեկնաբանությունները օրենքով ամրագրելու ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունների համար կարևոր զգուշացում է:
Մեր երկրի համար տարբեր կողմերից հետաքրքրություն ներկայացնող այս դատավարությանը պետական մասնակցություն ենք ունեցել և այդ շրջանակներում մեր տեսակետներն ենք հայտնել ՄԻԵԴ-ին:
Մեկնաբանությունում նշվում է, որ այս որոշումը ցույց է տալիս նաև, որ 1915 թվականի դեպքերը պատմական և իրավական առումով տարբերվում են Հոլոքոստից: Ըստ թուրքական ԱԳՆ-ի՝ որոշումը, որտեղ ցեղասպանության իրավական գնահատականի հարցում հայտարարություն չի արվում, ցույց է տալիս, որ իրավական գնահատականներ տվողները միայնակ են իրենց տեսակետների հետ: Մեկանաբանության մեջ թուրքական արտաքին գերատեսչությունը հույս է հայտնել, որ այս որոշումը կանխարգելիչ հանգամանք կդառնա Եվրոպայի տարածքում շարունակվող ժխտողականությունը քրեականացնող նախաձեռնությունների համար:
Մեկնաբանության վերջում նշվում է հետևյալը. «Եթե նույնիսկ հայերը պատմությանն առնչվող այլ տեսակետներ ունեն, ապա այդ թեման գիտական դաշտում պետք է ազնիվ ու բաց քննարկումների թեմա դառնա: Թուրքիան պատրաստ է այդ ուղղությամբ կատարել իր հասանելիքը»: