▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի համար ամենամեծ սպառնալիքը Ռուսաստանն է

Թուրք լրագրող Քեմալ Օզթուրքն իր հոդվածում ներկայացրել է այն երկիրը, որն իրապես վտանգավոր է Թուրքիայի համար: Թուրքական իշխանամետ «Yeni Safak» թերթում հրապարակված «Ո՞րն է մեծ սպառնալիքը՝ PKK-ն, Սիրիան, Իրանը թե Ռուսաստանը» հոդվածում Օզթուրքը գրում է, որ իրական սպառնալիքը պարզելու համար պետք է գտնել 2 հարցի պատասխան.

1. Դիվանագիտության ասպարեզում ո՞ր հարցն է Թուրքիային ամենաշատը մտահոգում: Այս հարցի պատասխանը գտնելու դեպքում այն կդառնա դիվանագիտության գլխավոր ուղղությունը:

2. Ռազմական ոլորտում Թուրքիայի համար ո՞րն է ամենամեծ վտանգը: Ըստ դրա էլ սահմանվում և որոշակիացվում են բոլոր հայեցակարգերը և ռազմավարությունը: Հեղինակ կարծիքով այս հարցերն ունեն մեկ պատասխան՝ այն է. Թուրքիայի համար ամենամեծ սպառանլիքը Ռուսաստանն է: «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) ամեն օր մեր երկրում մարդկանց է սպանում: Այսպես է: Սիրիան արյունահոսող մի վերքի պես մեզ ցավ է պատճառում: Սա էլ է ճիշտ: Ճիշտ է նաև, որ Իրանն իր նվաճողական, կրոնական քաղաքականությամբ տարածաշրջանը պատերազմի դաշտի է վերածել և ամենաշատը մեզ է վնասում: Սակայն այս ամենի հետևում կանգնած ուժը Ռուսաստանն է: Ռուսաստանին հանեք ու տակը ոչինչ չի մնա»,- համոզված է Օզթյուրքը:

Անդրադառնալով աշխարհի հզոր քաղաքական ուժերին՝ թուրք հոդվածագիրը գրում է, որ ԱՄՆ-ն քաղաքականապես անզոր է, իսկ Եվրամիությունն (ԵՄ) առաջնորդ չունի, ինչի պատճառով ասպարեզը մնացել է Ռուսաստանին: Վերջինս խոչընդոտում է Թուրքիայի գործունեությանը ՄԱԿ-ում, ԵՄ-ում և այլ միջազգային կառույցներում:

«Մենք ՄԱԿ-ում չենք կարողանում Ռուսաստանի դեմ որևէ որոշում ընդունել: Եվրոպան վախենում է, քանի որ չի ցանկանում փորձանքի մեջ ընկնել, ինչպես Ուկրաինայում»,- գրում է հեղինակը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն էլ իր հերթին չի ցանկանում դեմ գնալ Ռուսաստանին: Հեղինակը Ռուսաստանին նմանեցրել է արջի, որը շտապում է որքան հնարավոր է շատ թալանել, քանի դեռ անզոր Օբամային նոր նահագահ չի փոխարինել:

Խոսելով Ռուսաստան-Իրան համագործակցության մասին՝ Օզթյուրքը ներկայացրել է նրանց համատեղ նվաճողական ծրագրերը, որոնց մասին իբր թե հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբեր Վելայեթին Ալ Արաբիա հեռուստատեսության եթերում: Օզթուրքը նշում է, որ Իրանը և Ռուսաստանը միասին գրավելու են Լիբանանը, Յեմենը և Իրաքը: Հեղինակը ենթադրում է, որ այս երկրներին կհաջորդեն Սաուդիան Արաբիան, Բահրեյնը, Քուվեյթը, Հորդանանը: «Մերձավոր Արևելքը դեռ շատ է տառապելու Ռուսաստանի և Իրանի հարձակողական քաղաքականության պատճառով»,-եզրակացրել է թուրք հեղինակը:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее