▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում. Մարուքյան

Հայ–թուրքական սահմանի բացման հետ կապված Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն պետք է պատրաստվի։ Նման կարծիք է հայտնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«Ի՞նչ է դա նշանակում։ Մենք պետք է կարողանանք պաշտպանել մեզ, մեր տնտեսությունը, մեր հողը, անշարժ գույքը՝ Հայաստան-Թուրքիա սահմանը բացելուց առաջ։ Մենք հստակ պետք է ունենանք կանոնակարգեր, կարգավորումներ, թե ովքեր, օրինակ կարող են Հայաստանում հող, անշարժ գույք, բաժնեմասեր գնել տարբեր ռազմավարական և ոչ ռազմավարական օբյեկտներում, սահմանամերձ և ոչ սահմանամերձ շրջաններում, քաղաքներում, գյուղերում։ Եվ բազմաթիվ այլ կանոնակարգեր, որոնք պետք է իրականացվեն մինչև սահմանի բացումը։

Մենք բոլորս տեսնում ենք, որ ոչ մի բան չի արվում այսօր՝ սահմանի բացումից առաջ, որ մենք կարողանանք ասել, որ օրինակ՝ լավ, այս քայլը արվել է, մենք արդեն որոշակի նախապատրաստվածություն ունենք։ Միթե մենք ոչ մի մտահոգություն չունե՞նք։ Այսօր ամբողջ աշխարհում պրոտեկցիոնիզմ է իրականացվում։ Ի՞նչ է պրոտեկցիոնիզմը. երբ երկրները իրենց տնտեսությունը, իրենց արտադրողին, իրենց գյուղացուն, իրենց ֆերմերին, իրենց շինարարին պաշտպանում են, տարբեր օրենքներ, կանոնակարգեր են ընդունում, որ պաշտպանեն հարևան երկրներից և ընդհանրապես։ Եվ դա անում են, որպեսզի տվյալ երկրի տարածքում առավելություն ունենան զարգանալու նրանք, ովքեր տվյալ երկրի քաղաքացիներ են։ Եվրոպական մոդելի ազգային պետություն է Հայաստանի Հանրապետությունը դեռևս։ Եվ, հետևաբար, եթե չենք ուզում կորցնել մեր եվրոպական մոդելի ազգային պետություն Հայաստանի Հանրապետությունը, մենք պետք է էս քայլերը կատարենք։

Խորհրդարանական մեծամասնությունը, ընդդիմությունն էլ կարող են նման քայլերով հանդես գալ։ Ես կրկնեմ՝ երբեք Հայաստանը մոտ չէր եղել այսքան սահմանի բացմանը։ Եթե նախկինում սա կարող էինք ասել՝ ժամանակավրեպ հարց էր, այդքան էլ հստակ չէր, որ սահմանը վաղը-մյուս օր պետք է բացեին։ Հիմա ժամանակավոր չէ, հիմա պետք է այս քայլերը արվեն։ Եթե ոչ, ապա սահմանի բացումը պետք է հետաձգել, եթե, իհարկե, այն բացվում է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее