▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տրուֆալդինոն Հայաստանից. կա՛մ Փաշինյանը «քցելու» է կողմերին, կա՛մ երկուսով նրան են «գցելու»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մայիսի 8-ին Մոսկվա մեկնելուց ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը նախագահելուց հետո Նիկոլ Փաշինյանն «արագի մեջ» մեկնեց Դանիա՝ մասնակցելու Կոպենհագենի ժողովրդավարության գագաթաժողովին և «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը: Բացի պաշտոնական մի քանի հանդիպումներից, Կոպենհագենում տեղի ունեցավ նաև մի ուշագրավ «հարցուպատասխան»: Գագաթաժողովի վարողը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է. «Եթե երազանք պահելու հնարավորություն ունենայիք, ո՞ր թվականին կուզենայիք, որ Հայաստանը դառնար ԵՄ անդամ»:

«Այս»,- իբր կատակով պատասխանել է Փաշինյանը: Իրականում, ըստ շատ փորձագետների, ո՛չ հարցն է պատահական եղել, ո՛չ էլ պատասխանը: Մոսկվա այցելելուց և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո նման «հարցուպատասխան» պետք է հնչեր, ընդ որում՝ որևէ արևմտյան միջոցառման ժամանակ: Մյուս կողմից՝ սա հիանալի հնարավորություն է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենի համար՝ «բաց ճակատով» հաշվետու լինել արևմտյան իր գործընկերների առջև՝ Հայաստանի ու Փաշինյանի մասով: Բանն այն է, որ Ռասմուսենը Արևմուտքի կողմից Հայաստանի «նայողն» է: Միևնույն ժամանակ նա Alliance of Democracies-ի հիմնադիրն է, որն էլ կազմակերպել է կոպենհագենյան նշյալ գագաթաժողովը:

Արտաքուստ չափից ավելի անտրամաբանական է թվում, որ նույն քաղաքական գործիչը կարող է ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում նախագահել ԵԱՏՄ նիստը և մասնակցել նման համաժողովի ու նման հայտարարություն անել: Բայց սա Նիկոլ Փաշինյանն է, որի գործողություններում տրամաբանություն գտնելը վաղուց անլուրջ զբաղմունք է: Ավելի մեծահասակները կհիշեն. ժամանակին մի հիանալի ֆիլմ կար՝ «Տրուֆալդինոն Բերգամոյից»: Այս Տրուֆալդինոն աղքատիկ գավառից գալիս է հարուստ Վենետիկ, միաժամանակ ծառայում է երկու տիրոջ, որոնցից մեկը՝ հագուստները փոխած աղջիկ, կարողանում է երկուսից էլ բարձր աշխատավարձ ստանալ: Նիկոլ Փաշինյանը հիմա այդ վիճակում է: Ի վերջո, Տրուֆալդինոն բացահայտվում է իր տերերի կողմից:

Ճիշտ է, ֆիլմում հերոսը վատ վերջաբան չի ունենում, նույնիսկ հաջողացնում է ամուսնանալ, բայց գրեթե մեծամասամբ ֆիլմերի վերջաբանն ու իրական կյանքը արմատապես տարբերվում են: Այնպես որ, վաղ թե ուշ տրուֆալդինոյությունը բացահայտվելու է, ու կա՛մ Փաշինյանը «քցելու» է կողմերին, կա՛մ երկուսով նրան են «գցելու»: Փորձագետները կարծում են, որ Փաշինյանը Դանիայում արդեն մեկին «քցել» է: Մնում է սպասել, թե երբ է «քցելու» «հագուստները փոխած աղջկան», այս դեպքում՝ Արևմուտքին: Ամենավտանգավորը, սակայն, այստեղ այն է, որ երկու «տերերի» զայրույթից կարող են տուժել Հայաստանն ու հայ ժողովուրդը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее