Aysor.am-ը գրում է. Ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմը շատերին առաջնորդեց առաջնագիծ: Մեր ժամանակների ազտամարտիկների շարքերը առաջին իսկ օրից համալրեց նաև կանանց ծանրամարտի Հայաստանի առայժմ միակ աշխարհի չեմպիոն և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանի ամուսինը՝ Էրիկ Կարապետյանը: Կինը Նորվեգիայում հաղթական դրոշը ծածանեց, ամուսինն՝ Արցախում:
«Ես գիտեի, որ Էրիկը գնալու է, այլ տարբերակ լինել չէր կարող: Նրան լավ եմ ճանաչում և գիտեմ, թե որքան կարևոր է հայրենիքն իր համար: Տեղյակ էի, որ նա մեկնել է, բայց չգիտեի, որ առաջին գծում է կռվում: Իմանալով իմ բնավորությունը՝ չէր ցանկացել ասել, որպեսզի չանհանգստանամ, պարապմունքներս չձախողեմ: Թեև, միևնույն է՝ բոլորի մասին էի մտածում և այդ լարված իրավիճակը որոշակիորեն ազդել էր իմ պարապմունքների վրա: Երբ Նորվեգիայում հաղթելով՝ Հայաստան եկա, մի քանի օր անց Էրիկը ևս տուն եկավ, բայց մեկ շաբաթից նորից մեկնեց: Գիտեմ, որ շատ մոտ են սահմանին, բայց շատ տեղեկություններ չի հայտնում: Երբ խոսում ենք, միայն ասում է, որ լավ է ու վերջ», զրույցում նշեց մարզուհին:
Ն. Ավդալյանը չի սիրում այս մասին հաճախ բարձրաձայնել՝ գտնելով, որ հայրենիքը պաշտպանելը յուրաքանչյուր անհատի պարտականությունն է: Գիտակցում է, որ Էրիկի անունն ավելի հաճախ է ԶԼՄ-ներում հայտնվում, քանի որ նա իր ամուսինն է. «Սա քննարկման թեմա չէ, ուղղակի ես նրա կինն եմ, այդ պատճառով էլ այդքան շոշափվում է: Մեր հայ տղաներից շատ-շատերն են կամավոր գնացել ու պաշտպանում են մեր հողը: Բոլոր տղաներն էլ, այդ թվում և Էրոն, ասում են, որ սա հերոսություն չէ, այլ իրենց պարտքն է: Վստահ եմ՝ Աստված ոչ անի, բայց եթե պատերազմ լինի, բոլորն էլ մեկ մարդու պես կգնան: Տեսա, թե առաջին օրերին ինչպես միանգամից ոտքի կանգնեց մեր ազգը»:
Չնայած նրանց որդին՝ Վաչեն, ընդամենը երկուս ու կես տարեկան է, բայց շատ բան հասկանում է և մեծ ցանկություն ուներ հայրիկին ուղեկցելու: «Տղաս լացում էր, հայրիկին ասում, որ ինքն էլ է ուզում նրա հետ գնալ Ղարաբաղ՝ «թուրքերին սպանելու»: Նույնիսկ համոզում էր, որ դրոշը իրենց հետ տանեն: Երբ Էրիկն ասաց՝ կուզե՞ս չգնամ, տղաս պատասխանեց՝ չէ, գնա, բայց ես էլ հետդ գամ: Բայց դե իրեն համոզեցինք 15 տարի հետո գնալ… Հավատացեք՝ իր մոտ երբեք այդպիսի թեմաներով չենք զրուցել»,-ժպիտով հայտնեց մեր զրուցակիցը:
Մեր այն հարցին, թե արդյոք ընտանիքի անդամները չեն փորձել ետ պահել Է. Կարապետյանին իր որոշումից՝ պատասխանեց. «Ինչպես բոլոր տղաներն, այնպես էլ իմ ամուսինը գնացել են իրենց բարոյական պարտքը կատարելու հայրենիքի հանդեպ, և ես իրավունք չունեմ նրան ետ պահելու: Ամեն մի տղա մի ընտանիքի հայր է, զավակ: Ի դեպ, սա միայն տղամարդու գործ չի, կցանկանայի, որ մեր բոլոր կանայք, աղջիկները զենք բռնել իմանային: Մենք փոքր պետություն ենք, քիչ ենք, ու կարիք կա, որ կանայք էլ այդ հմտություններին տիրապետեն»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում