«Պարոն Սահակյանը պատգամավորների անունից շնորհավորեց նորանշանակ կառավարությանը: Հարկ եմ համարում ընդգծել, որ ես չեմ շնորհավորում ձեզ` հայտնի պատճառներով»,-Աժ-ում ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` տալով իր հարցը.
«Ես նախագիծ էի ներկայացրել, որով նախատեսվում էր էականորեն նվազեցնել երթևեկության կանոնների խախտումների համար նախատեսվող տուգանքները և տեղեկացա, որ կառավարությունն արդեն նախապատրաստվել է նախագծին բացասական եզրակացություն տալ: Նախորդ շաբաթ խորհրդարանական լսումների ժամանակ ասվեց, որ հանձնաժողով է ստեղծվել: Եթե դուք մեր ներկայացրած նախագծերին բացասական եզրակացություն եք տալիս, հանրությանը ներկայացրեք կոնկրետ ժամկետներ. ե՞րբ եք պատրաստվում իջեցնել տուգանքները, որոնց անհամաչափությունը պաշտոնապես արդեն ընդունել եք»:
«Մեր հայկական սովորույթներով` հյուրերին ջերմ են ընդունում»,-նախքան ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանին ձայն տալը` ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Հրայր Թովմասյանը նշեց, որ լսումների ժամանակ բարձրաձայնեցին այդ խնդիրները: Հանձնաժողովում ընդգրկված են մասնագետներ, որոնք կօգնեն խնդիրը լուծել բոլոր կողմերից:
Հարցին պատասխանելուց հետո Թովմասյանն անդրադառնալով պատգամավորի չշնորհավորելուն` անեկդոտ պատմեց.
«Տապանաքարի վրա գրված էր` հիշատակ բոլորից, բացի Վալոդից: Հիմա կարող էիք չասել, կհասկանայինք, որ չեք շնորհավորում»:
Փաշինյանը խոստացավ հաջորդ անգամ կառավարությանն ավելի ջերմ ընդունել
«Հիմա նոր են, կարող է ջերմությանը չդիմանային, դրա համար առայժմ թույլ ջերմությամբ եմ ընդունում: Եվ, քանի որ ձեր կառավարության ամբողջական կազմը դեռ լրացված չէ, հույս ունեմ, որ դեռ Վալոդ անունով նախարարներ կնշանակվեն»,-նետեց Փաշինյանը` հավելելով.
«Լուրեր են պտտվում, որ Ձեր փոխարեն հենց Վալոդն է նշանակվելու Արդարադատության նախարար»։