▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Այվազյանը սոխ չի կերել, ՍԻՐՏՆ ԻՆՉՈ՞Ի Է ՄՐՄՌՈՒՄ...

 Վարդան Այվազյան - «Գլոբալ Գոլդ Մայնինգ» հակամարտության պատմության մեջ, ինչպես արդեն տեղեկացրել ենք «Հայացք»-ի նախորդ (21.09.2012 թ.) համարում, կա նաև մեկ այլ ու, թերևս, առավել ուշագրավ կողմ, որն առ այսօր չի լուսաբանվել: Հակամարտությանը 2008-2009 թվականներից տեղյակ է եղել նաև և առայժմ դեռ չպարզված դերակատարում ունեցել ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, ՀՀ նախագահի իրավական հարցերով նախկին օգնական, նախագահի հրամանով ստեղծված Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախկին նախագահ Գևորգ Մհերյանը:

Վերոնշյալի կապակցությամբ մեր նախորդ հրապարակումից չորս օր անց` սեպտեմբերի 25-ին, պարզաբանումներ տալով NEWS.am-ին և տեղեկացնելով, որ Գ. Մհերյանի սպանության գործով իրեն չեն հարցաքննել, Վարդան Այվազյանն ասել է. «Մի օր էլ ինձ Քենեդու սպանության մեջ կմեղադրեն», ապա այդ ամենը համարել է «աբսուրդ եւ անհեթեթություն, ինչպես, իր խոսքով, «Գլոբալ Գոլդ Մայնինգի» գործն էր»:

Պարոն Այվազյանի պատասխանն ակնհայտորեն չափազանց ուշագրավ է. նրան դեռ ոչ ոք չի էլ մեղադրել Գևորգ Մհերյանի սպանությունը պատվիրելու մեջ, մեր նախորդ հոդվածում նույնպես չկա նման մեղադրանք, սակայն նա ջղային ու հիվանդագին արձագանքում է և կարծես անխուսափելի համարում, որ մի օր այդ մեղադրանքն իրեն ներկայացվելու է: Թերևս արժե նրա այս արձագանքի վերաբերյալ գնահատական, մեկնաբանություններ ստանալ քրեական ոլորտում մեծ փորձառություն ունեցող հոգեբաններից, բայց եթե նույնիսկ մասնագետ էլ չես, բնականաբար, հարց է առաջանում` սոխ չի կերել, սիրտն ինչո՞ւ է մրմռում: Թող իրավապահները կանչեն, հարցաքննեն, նույնիսկ ստի դետեկտորով քննեն, ինքն էլ հանգիստ, անվրդով ասի, որ Մհերյանի սպանության պատվիրատուն ինքը չէ, ինչպես Քենեդու սպանության կազմակերպիչն ինքը չէ:

Մեր նախորդ հոդվածի համատեքստից էլ, ենթատեքստից էլ երևում է, որ Գ. Մհերյանի սպանության գործով Վարդան Այվազյանն արդեն պետք է հարցաքննված լիներ, որովհետև մեր տիրապետած ու հրապարակած տեղեկություններին ավելի վաղ տիրապետել ու տիրապետում են նաև իրավապահ մարմինները: Եթե Հայաստանն իսկապես իրավական պետություն լիներ, իրավապահները հենց այդպես վարված կլինեին, և ոչ թե` իրենց գործողություններում կաշկանդված կլինեին նախկինում ու ներկայում Վ. Այվազյանի զբաղեցրած պաշտոններով, նրա դիրքով և ՀՀԿ խորհրդի անդամ լինելու հանգամանքով:

Իսկ ինչո՞ւ չպետք է քննեին Վարդան Այվազյանին, ինչո՞ւ չպետք է կասկած առաջանար, այդքան օրինապա՞շտ մարդ է...

Հարց չի՞ առաջանում` Գ. Մհերյանի սպանության գործի շրջանակում ժամանակին ինչո՞ւ պետք է քննվեր կենցաղային շարժառիթով փոխոստիկանապետի սպանության վարկածը, նրա սպանության պատվիրման մեջ կասկածվեր նույնիսկ Մհերյանի նախկին կինը, իսկ Վարդան Այվազյանը, որի հակամարտությունը Գևորգ Մհերյանի օգնությանը քանիցս դիմած ««Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ ահռելի գումարների հետ է կապված, չպետք է կասկածվեր ու քննվեր: Քի՞չ գումար է դա, որի համար, ընդհանրապես, կարող է սպանություն պատվիրվել Հայաստանում կամ այլ երկրում:

Մեր հարցին, թե մինչ այժմ Վ. Այվազյանը Գ. Մհերյանի գործով հարցաքննվե՞լ է, ՀՀ ոստիկանությունը, թեև նշված հարցի պատասխանը (այո կամ ոչ) վստահաբար նախաքննության գաղտնիք չէ, հրաժարվեց պատասխանել` ասելով ընդամենը ամբողջ աշխարհին հայտնին` Մհերյանի գործով նախաքննությունը շարունակվում է:

Ըստ «Հետք»-ի հրապարակման, դատարանի վճռում եղած նյութերի համաձայն` 2006 թ. «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի դուստր ձեռնարկություններից մեկը, որը Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից ենթարկվել էր կոռումպացված և ոչ պատշաճ պահանջների:

«Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի սեպտեմբերի 19-ին պարզաբանման մեջ նշված է, որ դատարանը վճիռը կայացրել է Այվազյան անձի նկատմամբ, «կիրառելի օրենքով Այվազյանին ճանաչելով որպես ՍՀԱ-ի բաժնետերերին ուղղորդող, նրանց որոշումները ղեկավարող ծպտյալ բաժնետեր (պրինցիպալ)»: Չնայած Հանքավանի հանքավայրի ուսումնասիրության առումով ընկերության կատարած աշխատանքներին, որոնք ֆինանսական առումով գերազանցել են վերջինիս ստանձնած պարտավորությունները, «Այս պայմաններում ՍՀԱ-ի լիցենզիան դադարեցվել է, այնուհետեւ այն փոխանցվել է Այվազյանի վերահսկողության տակ գտնվող այլ ընկերության, այնուհետեւ վաճառվել երրորդ ընկերության»: Ինչպես ակնհայտ է, բավական լուրջ մեղադրանքներ են:

Եթե հավատանք Վարդան Այվազյանին, ինքը տեղեկություն չունի` Գևորգ Մհերյանը տեղյա՞կ էր «Գլոբալ Գոլդ Մայնինգի» հետ կապված գործից, այսինքն` իրենց վեճից, հակամարտությունից: Մենք արդեն որոշակի անուն ազգանուններով, ամսաթվերով, փաստերով ներկայացրել ու հիմնավորել ենք, որ ՀՀ ոստիկանապետի տեղակալը տեղյակ է եղել այդ ամենին, «Գլոբալ Գոլդ Մայնինգի» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պողոսյանն այդ կապակցությամբ էլեկտրոնային փոստով դիմել է Գևորգ Մհերյանին` վերջինիս սպանությունից կարճ ժամանակ առաջ խնդրելով նրա օգնությունը:

Փոխոստիկանապետի սպանությունից 2 ամիս առաջ Աշոտ Պողոսյանը Գևորգ Մհերյանին հասցեագրած նամակում գրել է. «Ուզում եմ հիշեցնել, որ փետրվարին ստորագրած պայմանագրի համաձայն լիցենզիաներից մենք առայժմ ստացել ենք միայն Մարջանի շահագործման լիցենզիան: Չի ստորագրվել Մարջանի լիցենզային պայմանագիրը, այսինքն, Մարջանի շահագործման լիցենզիան ուժի մեջ չի մտել: Չեն տրամադրվել նաև Թուխմանուկի ուսումնասիրության լիցենզիայի ընդլայնումը և երկարացումը, և չի ստորագրվել Թուխմանուկի լիցենզային պայմանագիրը, այսինքն, Թուխմանուկի ուսումնասիրության լիցենզիան ուժի մեջ չի մտել: Չի տրամադրվել Գետիկի ուսումնասիրության լիցենզիան, չի ստորագրվել լիցենզային պայմանագիրը: Չի տրամադրվել 48-րդ մարմնի լիցենզիան, չի ստորագրվել լիցենզային պայմանագիրը: Մեր գրասենյակը կապվել է բնապահպանության նախարարության հետ, այնտեղ նույնիսկ տեղյակ չեն որևէ ուսումնասիրության լիցենզիայի մասին: Խնդրում եմ օգնես: Շնորհակալություն»:

Վերը շարադրվածից հետևում է, որ հիշյալ ընկերությունը փետրվարին ստորագրված ինչ-որ խորհրդավոր պայմանագրով նախատեսված փաստաթղթերի սոսկ մի չնչին մասն է ստացել, բայց քանի որ լիցենզային պայմանագրերը չեն ստորագրվել, տրված լիցենզիաներն ուժի մեջ չեն մտել ու մակուլատուրայի արժեք են ունեցել: Թերևս մնում է ավելացնել, որ խոսքը ոսկու հանքավայրերի մասին է:

 

Հեղինակ` ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀԱՅԱՑՔ օրաթերթ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее