Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի առաջին հորիզոնականում ներկայացված Վարդան Օսկանյանը Panorama.am-ի հետ զրույցում վերահաստատել է իր այն տեսակետը, թե՝ ԲՀԿ-ն չէր ուզում խանգարել ՀՀԿ-ին, դրա համար էլ ԲՀԿ ավագանին երբևէ դեմ չի արտահայտվել ՀՀԿ որոշումներին. «Այո, չենք խանգարել, որովհետև նրանք մեծամասնություն են և ուստի նրանք պետք է կրեն պատասխանատվությունը»:
Վարդան Օսկանյանի հայտարարությունից ստացվում է, որ ավագանու ընտրություններին հաջողություն գրանցած, սակայն մեծամասնություն չստացած ուժերը, դատապարտված են պարապուրդի: Այլ կերպ անհնար է հասկանալ վերոնշյալ հայտարարությունը: Ամեն դեպքում, ՀՀԿ-ն էր որպես մեծամասնություն պատասխանատվություն կրելու` անկախ այն բանից, թե ԲՀԿ ավագանին ակտիվ կլիներ, թե պասիվ, դեմ թե կողմ կարտահայտվեր ավագանու որոշումներին:
Օսկանյանի հայտարարությունը ծանր հարված էր նաև ավագանու ԲՀԿ խմբակցությանը, քանի որ Օսկանյանի խոսքից կարելի է նաև ենթադրել, որ տեսականորեն, նույնիսկ վտանգավոր ու քաղաքի շահերին հակասող որոշումների դեպքում ևս ԲՀԿ-ն կողմ էր քվեարկելու ՀՀԿ նախաձեռնությանը՝ «չխանգարելով ՀՀԿ-ին»:
Հետաքրքիր է՝ ինչո՞ւ ԲՀԿ-ն նման կերպ չի վարվում նաև խորհրդարանում, չէ՞ որ այնտեղ ևս, ՀՀԿ-ն մեծամասնություն ունի և կառավարության ու ՀՀԿ նախաձեռնություններ առանց խնդիրների ընդունվում են: Հասկանալի է, որ իր լիազորություններով ու դիրքով ԱԺ-ն քաղաքապետարանից տարբերվում է, սակայն որոշումներ կայացնելու կամ դրանց վրա ազդեցություն ունենալու տեսանկյունից, զուգահեռներ անցկացնելու հիմքեր, այնուամենայնիվ, կան:
Ինչպես հայտնի է՝ ՀԱԿ-ը 2009 թվականին կայացած ընտրություններից հետո հրաժարվել էր վերցնել իր մանդատները, ինչի արդյունքում ավագանու կազմում մնացել էին ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն: Այդ տեսանկյունից, ԲՀԿ-ի պատասխանատվությունն առավել մեծ էր քաղաքապետի և առհասարակ քաղաքապետարանի գործունեությունը վերահսկելու և որոշումների վրա ազդեցություն ունենալու տեսանկյունից:
Վ. Օսկանյանի մոտեցումից ակնհայտ է դառնում նաև, թե ինչո՞ւ էր ԲՀԿ-ն հայտարարում, որ եթե ավագանու ընտրությունները կեղծվեն, ապա իրենք կհրաժարվի իրենց մանդատներից: Ի՞նչ տարբերություն, ԲՀԿ-ն ներկայացված է ավագանու կազմում, թե՞ ոչ (եթե իհարկե մեծամասնություն չկազմի), մեկ է՝ ավագանու խմբակցությունը զրկված է ռեալ անելիքներից, և ըստ այդմ՝ ԲՀԿ-ին որևէ դիվիդենտ բերելուց:
Մի բան, սակայն, անհայտ է մնում. արդյո՞ք Օսկանյանի հայտարարությունը ԲՀԿ-ի պաշտոնական մոտեցումն է այդ հարցում:
Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գրառումը
Ֆեյսբուք