Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու համայնքապետ
Նրա օգտին քվեարկեցին ավագանու 33 անդամից 18–ը։
Ավագանիում ընդգրկված մնացած բոլոր ուժերը համայնքապետի թեկնածու չառաջադրեցին և քվեարկեցին ընդդիմության մեջ առավել շատ ձայներ հավաքած ՀԿԿ–ի թեկնածու Վարդան Ղուկասյանին։
Ղուկասյանը 1999 թվականից մինչև 2008 թվականը երեք անգամ ընտրվել և ղեկավարել է Գյումրի քաղաքը։
***
«Երբեք չեք ամաչի իմ համար»,- Գյումրի համայնքի ղեկավար ընտրվելուց հետո, խոսքն ուղղելով ավագանու անդամներին և գյումրեցիներին, ասաց Վարդան Ղուկասյանը։ «Այսքան քրեական գործերը վրաս, եկել եմ ստանձնելու այս պարտականությունը, ինչը նշանակում է հայրենիք սիրել։ Գյումրու քաղաքապետարանը դառնալու է գյումրեցիների հերանց տունը, ինչպես եղել է նախկինում»,- ասաց նա։ Ղուկասյանն իր խոսքում նշեց նաև, որ նախկին 2 նախագահների հետ աշխատելու ժամանակ այնպիսի ռեպրեսիաներ չի տեսել, ինչպես այժմ։ *** |
Ինչպե՞ս է Կառավարությունը պատկերացնում աշխատանքը՝ Գյումրու նորընտիր քաղաքապետի ու ավագանու հետ, ԱԺ-ում դիմելով ՀՀ վարչապետին՝ հարցրեց լրագրողը: «Գյումրիի ընտրությունների հետ կապված լրացուցիչ մեկնաբանություն, բացի այն, որ արել ենք մինչև հիմա, չենք կարող անել: Աշխատանքն աշխատանք է, Կառավարությունն իր աշխատանքն է անում, ՏԻՄ-ի հետ աշխատանքի կանոններ կան, պետք է պահվեն»,- նշեց Փաշինյանը: *** |
Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առաջին քայլը լինելու է կադրային փոփոխությունը։ Այս մասին նա հայտնեց լրագրողների հետ զրույցում․ «Երկրորդ քայլով թեկնածուներին հրավիրելու եմ՝ քննարկելու բոլորիս ծրագրերը, ընդհանուր հայտարարի գալուց հետո անցնելու ենք դրանց իրականացմանը։ Աշխատավարձերի բարձրացման հարցն եմ բարձրացնելու, որի համար ճանապարհներ ենք փնտրելու»,- ասաց Ղուկասյանը՝ նշելով, որ ոչ ոքի հետ խնդիր չունի, այդ թվում Մարտուն Գրիգորյանի։ «Ոչ մեկի դուռը չեմ գնալու, համերաշխությունն ու ներողամտությունն իմ զենքերն են»,- նշեց Ղուկասյանը։ Հարցին՝ ինչպե՞ս եք աշխատելու Նիկոլ Փաշինյանի հետ, պատասխանեց․ «Միանշանակ իրեն դեմ եմ, իր քաղաքական հայացքներին դեմ եմ, բայց սուբորդինացիան կպահեմ, աթոռը կհարգեմ»: |