Այսօր լրագրողների հետ զրույցում Արցախի նախկին պետնախարար, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը պատասխանելով հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում են լուրերը, թե երեկ Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացած հանրահավաքին«Ազատ հայրենիք» կուսակցության կողմից մարդիկ ստիպողաբար էին բերվել Վերածննդի հրապարակ, ասաց.
«Արցախում ստիպողաբար ոչ մի բան չի լինում, պետական որեւէ կառույց ցույց տվեք, որը հայտարարել է, որ մասնակցեն հանրահավաքին, այդպիսին բան չի եղել։

Ցուցակները կարող ենք տալ, գնացեք եւ հարցրեք, թե ում են ստիպել, որտեղ են ասել՝ աշխատանքից կազատենք, կարող է մի փոքր պաշտոնյա կամ բրիգադիր իր աշխատակիցներին ասել է այդպիսի բան՝ արջի ծառայություն մատուցելու համար, սակայն պետական համակարգը չի մասնակցել այս հանրահավաքին:
Կովսականից, Դիզմայրիից, Նոր Կարաչինարից պետական պաշտոն չզբաղեցնող մարդիկ իրենց մեքենաներով հարյուրավոր կիլոմետրեր կտրել, եկել ու մասնակցել են հանրահավաքին, ստիպողաբար չեն եկել»։
Դիտարկմանը, թե հանրահավաքին մասնակցելու համար մարդկանց բենզինի կտրոններ են բաժանել, Արայիկ Հարությունյանն արձագանքեց․ «Երբ կազմակերպում են այդպիսի հանրահավաք, պետք է ապահովեն համապատասխան վառելիքով, ոչ բոլորին, քանի որ շատերն իրենց մեքենաներով են եկել, բայց եթե ապահովել ենք ավտոբուսով, վառելիքը պետք է ապահովեինք»։
Արայիկ Հարությունյանը ափսոսանք հայտնեց, որ մարդկանց չեն կարողացել սնունդով ապահովել, «թեկուզ փոքր բուտերբրոտով»։


