Երեւանի ավագանու ընտրությունները մեծ քննություն են ՀՀԿ-ի համար ոչ միայն նախագահական ընտրություններում արձանագրած արդյունքների, այլեւ թիմային «ներպայքարի» առումով: Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։
««Միսկրծոցին» երիտգվարդիայի ու հին գվարդիայի միջեւ բուռն տեմպերով շարունակվում է: Որպեսզի այդ «մեծ ճակատամարտից» հաղթած դուրս գա, երիտթեւը քափուքրտինք մտած «վազում ու վազվզում է»:
Տարոն Մարգարյանի բոլոր հանդիպումներից հետո ՀՀԿ գլխավոր շտաբի պատասխանատուներն առանց զգուշացնելու հայտնվում են այն վարչական շրջանում-շտաբում, ուր մեկ-երկու օր առաջ եղել է Տարոնը, հասկանալու` հանդիպումից հետո ինչ է արվել, ինչպես են արձագանքել քաղաքացիների դիմում-պահանջ-առաջարկներին: Կոնկրե՛տ:
ՀՀԿ շտաբի պատասխանատուների ամենակարեւոր «ինստրուկցիան», որ այս փուլում իրենց հետ տանում են, միակն է` պրովոկացիաների չտրվել. չներքաշվել վեճերի, քաշքշուկների, բախումների մեջ, «Չը-ներ-քաշվե՛լ. Աջափնյակը ձեզ օրինակ». հրահանգում-հրամայում-կրկնում են բոլոր կողմերից «ուդարներ» ստացող երիտ-ՀՀԿ-ականները:
Այն հարցին` ինչո՞վ բացատրել այն հանգամանքը, որ վարչական որոշ շրջաններում` Արաբկիր, Շենգավիթ, Կենտրոն, ՀՀԿ-ի վիճակը լավ չէ, շտաբի պետ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Չկա նման բան։ Ես չեմ կարծում, որ այդ շրջաններում մենք թույլ ենք, պարզապես մի տեղ շատ ավելի ուժեղ ենք, մեկ այլ տեղում` ոչ այդքան, եթե ուշադիր լինեք, ապա կնկատեք, որ Տարոն Մարգարյանը բոլոր համայնքներում էլ ամենավարկանիշային թեկնածուն է»»: