▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վատ պարողի պատմությունը գիտե՞ք. Շալանդը թող այլ տեղ փնտրի պատճառները». Ռուբեն Հայրապետյան

Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը:


Առաջին հարցին, թե ինչպե՞ս է ՀՖՖ նախագահը գնահատում Բեռնար Շալանդի կատարած աշխատանքը, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց, որ իրեն, բնականաբար, որպես ՀՖՖ նախագահ, արդյունքներն են հետաքրքրում, եւ որ ինքը շատ դժգոհ է արդյունքից՝ նշելով, որ իրեն  չի կարող բավարարել այն, որ հավաքականը 3 խաղում վաստակել է մեկ միավոր:


Պատասխանելով այն հարցին, թե արդյոք շարունակելու է վստահել Շալանդին՝ ՀՖՖ նախագահը պատասխանեց, որ եթե ինքը չվստահեր, ապա հիմա կհայտարարեր, որ նա հեռացված է: Ինչ վերաբերում է նրա մարտավարությանը, ապա բնականաբար, այն իրեն չի բավարարում:


Ռ. Հայրապետյանն ավելացրեց նաև, որ ինքը, որպես ֆեդերացիայի նախագահ նշանակել է մարզիչ և  չի միջամտում մարզչի աշխատանքին, բայց կարծիք հայտնում է: Մասնավորապես, նա խորհուրդ է տվել ընդհանրապես չհրավիրել Արտակ Դաշյանին, քանի որ վերջինս չի համապատասխանում հավաքականի խաղամակարդակին: Ռ. Հայրապետյանի կարծիքով, Սերբիայի հետ խաղում մեր անհաջողության պատճառը Դաշյանի սխալ փոփոխությունն էր: «Եթե ուշադիր եք եղել, մարզիչը բղավում էր, Արտակ «փակի» խաղացողին, իսկ նա չէր հասկանում, թե ինչ պետք է անի... Ֆրանսիայի հետ խաղում էլ նա անհաջող հանդես եկավ: Ես խաղի ժամանակ չեմ նայում գնդակին, այլ նայում եմ խաղացողների գործողություններին»,-ասաց ՀՖՖ նախագահը:  

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում մեր շանսերն ընտրական փուլում, ՀՖՖ նախագահը նշեց, որ մենք շանսեր ունենք: Բայց եթե շարունակենք խաղալ Պորտուգալիայի դեմ հանդիպման նման, ապա շանսեր չենք ունենա: «Եթե մենք մտածում ենք միայն նրա մասին, որ մեզ գոլ չխփեն, ապա չենք կարող հաջողություն ունենալ: Շալանդը փորձառու մարզիչ է եւ կարծում եմ՝ քայլեր կձեռնարկի»:

Լրագրողի հարցին, թե  Մարսելի «Օլիմպիկում» խաղում է հայ պաշտպան Գաել Անդոնյանը, իսկ «ՊՍԺ»-ում՝ Ալեքսանդր Դեմիրճյանը: Նրանք կարո՞ղ են խաղալ Հայաստանի հավաքականում, ՀՖՖ նախագահն ասաց.  «Եկեք Դուք ձեր գործով զբաղվեք, մենք՝ մեր: Ֆեդերացիան իր աշխատանքը կատարում է, մարզիչները հետեւում են բոլոր հայ ֆուտբոլիստներին: Եթե ֆուտբոլիստը հայի ազգանուն ունի, դեռ չի նշանակում, որ նա հայ է: Ովքեր ցանկություն ունեն հավաքականում խաղալու, նրանց համար դռները բաց են: Ովքեր սկսում են ինչ-որ բաներ պահանջել, նրանք չեն կարող հանդես գալ հավաքականում: Մալոյանին 6 անգամ անձամբ եմ հրավիրել հավաքական, նույնիսկ «Պորշե» ավտոմեքենա ուզեց, համաձայնվեցի, բայց չեկավ»: 


Հավաքականի խաղերի տոմսերի  թանկացման վերաբերյալ հարցին Ռ. Հայրապետյանը հակադարձեց հարցով.  «Իսկ ինչո՞ւ էժան տոմսերը չվաճառվեցին: Ամենաէժան տեղերը դատարկ էին: Պարտադիր Գալկի՞նը պետք է գա, որ մեր ազգը գնա... Տոմսերն այդքան թանկ չեն եղել: Մենք հայտ ներկայացրած երկրպագուներին նաեւ 2000 դրամով ենք տոմսեր վաճառել»,- պատասխանեց ՀՖՖ նախագահը:   

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ՀՖՖ-ն պաշտոնական բողոք է ներկայացնելու՝ հաշվի առնելով, որ Շալանդը բողոքել է Պորտուգալիայի ֆեդերացիայի պահվածքից, ՀՖՖ նախագահն ասաց. «Իհարկե ո՛չ: Վատ պարողի պատմությունը գիտե՞ք: Շալանդը թող այլ տեղ փնտրի պատճառները: Մեր վատ ֆուտբոլ խաղալը Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի վրա՞ ենք բարդում»:

Հայաստանի մինչև  21, 19, 17 տարեկանների հավաքականների ելույթների մասին հարցին պատասխանելով՝ ՀՖՖ նախագահը նշեց, որ դրանք վատ է գնահատում, բայց պետք է ասել, որ նրանք ուրիշ խնդիր են լուծում եւ կգա ժամանակը, եւ մենք կունենանք արդյունք:

- Կրկին անդրադառնալով Պորտուգալիայի հետ հանդիպմանը և պատասխանելով այն հարցին, թե ո՞րն էր Պորտուգալիայի հետ խաղի անհաջողության պատճառը՝ Ռ. Հայրապետյանն ասաց. «Մենք ունենք պոտենցիալ... Սխալ մարտավարության արդյունքում ենք պարտվել. դա իմ անձնական կարծիքն է: Սարկիսովը, Մարկոսը, որոնք շատ լավ մարզավիճակում էին,  նստած էին պահեստայինների նստարանին»: Իսկ հարցին, որ Մխիթարյանի դեմ պորտուգալացիները կոպիտ էին խաղում, ՀՖՖ նախագահը նշեց. «Թող մերոնք էլ Ռոնալդուի դեմ այդպես խաղային: Եթե դուք ուշադիր լինեք, Մխիթարյանի դեմ «Բորուսիայում» էլ են այդպես խաղում, և նա սովոր է: Ուրախանանք միայն, որ Մխիթարյանը վնասվածք չստացավ»:

Հարցին, թե արյդոք ՀՖՖ նախագահը գոհ է  Յուրա Մովսիսյանի խաղից՝ հաշվի առնելով, որ նա մի տեսակ կտրված էր կիսապաշտպաններից, ՀՖՖ նախագահն ասաց.  «Յուրա Մովսիսյանն ի՞նչ աներ, եթե այդքան մեծ ուժերով պաշտպանվում էինք: Մովսիսյանը «Ռեմբոն» չի: 4 պաշտպանի դեմ ի՞նչ աներ»:

Լրագրողի այն հարցին, թե շատերն են համամիտ Ձեր ասածի հետ՝ Պորտուգալիայի դեմ խաղի հետ կապված, բայց կարծեք այդ ամենը Շալանդը չի հասկանում և ուրեմն ինչո՞վ է պայմանավորված Ձեր վստահությունը նրա նկատմամբ, Հայրապետյանն ասաց. «Իսկ Դուք կարծում եք, թե նոր մարզիչն այս 3 ամսում հասկանալո՞ւ է, թե որն է խնդիրը: Ի տարբերություն մնացածի՝ ես ֆեդերացիայի նախագահն եմ եւ պատասխանատու եմ մարզչի համար: Մեծ հաճույքով կհանեի, բայց չկա կախարդական փայտիկ, որ նրա փոխարեն գա այն մարզիչը, ով կլուծի բոլոր խնդիրները»: Իսկ լրագրողի դիտարկմանը, թե օրինակ,Վարդան Մինասյանին ժամանակ պետք չէ, ՀՖՖ նախագահն ասաց, թե Վարդան Մինասյանը պայմանագիր ունի եւ աշխատում է. «Վարդան Մինասյանի ժամանակ բոլորն ասում էին, թե արտասահմանցի է պետք, բերեցի... Համոզված չեմ, որ Շալանդի փոխարեն ինչ-որ մեկը որ գա, ապա ավելի լավ է լինելու: Ես չեմ ուզել, որ Վարդանը գնա: Բայց նա չի ցանկացել մնալ: Վարդանը խորապես վիրավորած է եղել ֆուտբոլիստներից, լրագրողներից, երկրպագուներից: Մարզչի հարցում պետք չէ շտապել դա միշտ իր բացասական հետեւանքներն է ունենում: Շալանդին պետք է շանս տալ: Ազնվորեն, խաղից հետո չեմ զրուցել նրա հետ, քանի որ շատ վրդովված եմ եղել: Այժմ Իտալիայում է, գնացել է հետևելու Իտալիա-Ալբանիա հանդիպմանը: Երբ կվերադառնա՝ կզրուցենք: Եթե չընդունեց իմ ասածները, ապա ես իմ որոշումները կկայացնեմ: Տանք եւս մեկ հնարավորություն Շալանդին, մի՞գուցե կկարողանա ելք գտնել: Մարզչին հեռացնելը միշտ էլ կա»: 

-Ինչ վերաբերվում է Դավիթ Մանոյանին հավաքական հրավիրելու մասին հարցին, ՀՖՖ նախագահը նշեց, որ Հավաքականի մարզիչն արդեն պատասխանել է, որ Մանոյանը հայտացուցակում չի եղել: Իսկ հրավեր նա ստացել է, քանի որ փայլուն մարզավիճակում  է, ուղղակի հավաքականի հավաքից առաջ մկանն էր ձգել, իսկ հավաքականի ճամբար եկել էր բուժվելու, քանի որ ունենք լավ ֆիզիոթերապեւտ:

«Ցավալի է, որ Մանոյանը չկարողացավ մասնակցել Պորտուգալիայի հետ խաղին: Եթե Դավիթ Մանոյանը լիներ խաղադաշտում, ապա շատ բան կփոխեր, քանի որ հիանալի մարզավիճակում է»,-ասաց ՀՖՖ նախագահը:

Անդրադառնալով բարձրագույն խմբի ներկայիս վիճակին և հարցին, թե արդյո՞ք լեգեոներների ավելացումն ազդեցություն թողել է, ՀՖՖ նախագահը պատասխանեց,որ որքան որակյալ ֆուտբոլիստներ հայտնվեն, մակարդակը կբարձրանա: «Ցանկալի չէ, որ գան անորակ ֆուտբոլիստներ: Վերջերս թիմերից մեկը սպագետի պատրաստող էր բերել, ով իտալացի էր… Միայն ազգությունով չի որոշվում: Ներկայումս «Ուլիսն» է լավ խաղացողներ բերել, եւ բոլոր թիմերը ցանկանում են հաղթել «Ուլիսին»: Բարձրակարգ լեգեոներներ կան նաեւ «Փյունիկում» և «Շիրակում»:

 

Այն հարցին, թե մրցաշրջանի մեկնարկից առաջ «Փյունիկը» հրաժարավեց իր քաղաքականությունից եւ սկսեց նորից արտասահմանցիներ հրավիրել: Հնարավո՞ր է, որ ձմռանը եւս մի քանի արտասահմանցիներ հայտնվեն «Փյունիկում», ՀՖՖ նախագահն ասաց.  «Փյունիկի» խնդիրը ազգային հավաքականին խաղացողներ տրամադրելն է: Պետք էր առջեւում ուժեղ հարձակվող եւ հրավիրեցին Սեզարին, ով փայլուն խաղացող է և ցույց է տալիս, որ կարող է օգտակար լինել: Միշտ էլ ուժեղ լեգեոներն օգտակար է մեր առաջնությանը: Եթե լինի 1-2 լավ խաղացող, ապա կարող են նրանց ևս հրավիրել ձմռանը: «Փյունիկի» խնդիրը չեմպիոն կամ փոխչեմպիոն դառնալը չէ…

Պատասխանելով այն հարցին, թե մեզ մոտ կա դարպասապահների հետ կապված արգելք, բայց բացի Կասպարովից եւ Բեգլարյանից չկա մեկը, ով կարող է ապագայում համալրել հավաքականի հիմնական կազմը, Ռ Հայրապետյանը նշեց. «Այդ արգելքը եղել է, որ հայ դարպասապահներն աճեն: Եթե հիշում եք, բոլոր թիմերն էլ բերում էին միջին որակի դարպասապահներ, եւ մեր երիտասարդ տղաները շանս չէին ստանում: Օրինակ, «Փյունիկում» կա Գոռ Մանուկյանը, ով կարող է լավ դարպասապահ դառնալ: Հայաստան ո՞վ պետք է գա. ցածր կարգի դարպասահներ Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից: Ավելի լավ չէ՞, որ խաղան մեր դարպասապահները և փորձ հավաքեն»:

ՀՖՖ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее