Սեպտեմբերի 19-ին Հռոմի Պալացո դե լա Կանչելերիա սրահներում տեղի ունեցավ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության բացման և ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ընդունելությունը, և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ. քրիստոնեության ընդհանուր ժառանգություն» ցուցահանդեսի բացումը։
Վատիկանում ՀՀ դեսպանի կողմից տրված ընդունելությանը ներկա էին Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության ղեկավար և Արևելյան պապական խորհրդի նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրին, Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար արքեպիսկոպոս Դոմինիկ Մամբերտին, Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ, Հայ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներ, Վատիկանի բարձրաստիճան հոգևորականներ, Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների անդամներ, Վատիկանում հավատարմագրված դեսպաններ, եվրոպական և իտալական հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գործարարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով նշեց. «Մեծապես խորհրդանշական օր է այսօր: Հայաստանը` հանդիսանալով քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին երկիրը, դիվանագիտական ներկայացուցչություն է բացում Սուրբ Աթոռում:
Երկար տարիներ համատեղության կարգով լինելով Վատիկանում Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ դեսպան ` մշտապես մտորել եմ այն օրվա մասին, երբ մեր երկու պետությունները դիվանագիտական ներկայացուցչություններ կբացեն և ռեզիդենտ դեսպաններ կնշանակեն` Երևանում և Վատիկանում: Այսօր մենք շարժվում ենք այդ ճանապարհով։ Շնորհավորելով մեզ բոլորիս այս կապակցությամբ՝ հաջողություններ եմ մաղթում դեսպան Միքայել Մինասյանին` Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների խորացմանը և ամրապնդմանն ի նպաստ իր առաքելության իրականացման գործում:
Մեր փոխհարաբերությունները պատմական խորը արմատներ ունեն: Քրիստոնեական հավատքը դարձել է այդ առանձնահատուկ կապերի հիմքը:
Հարաբերությունների ամրապնդման գործում իրենց նպաստն են բերել այնպիսի մեծանուն գործիչներ, ինչպիսիք են` Սուրբ Ներսես Շնորհալին, Մխիթար Սեբաստացին և շատ այլ երախտավորներ:
Միանգամայն խորհրդանշական է, որ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական բացումը համընկնում է մեր երկրի Ազգային տոնի տարեդարձի հետ: Հայաստանի անկախության վերականգնմամբ, երկու տասնամյակ է, որ մեր երկրի և Սուրբ Աթոռի միջև համագործակցությունը նոր թափ է ստացել։
Այս տարվա մարտին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ներկա գտնվեցին Ֆրանցիսկոս Պապի գահակալության հանդիսավոր պատարագին: Մոտ մեկ տարի դրանից առաջ ` 2011թ. դեկտեմբերին Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Սուրբ Աթոռ և հանդիպեց Բենեդիկտոս XVI Պապի հետ:
Անմոռանալի հիշողություններ ենք պահպանում 2001թ. Հովհաննես-Պողոս II Պապի` մեր երկիր կատարած պատմական այցից, որը տեղի ունեցավ Հայաստանում քրիտոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ՝ ի նշան Հայաստանի և Վատիկանի միջև բարեկամական կապերի և մեր երկու եկեղեցիների եղբայրական հարաբերությունների։
Հայաստանը բարձր է գնահատում 2000թ.-ին Հայոց ցեղասպանության ճանաչումը Սուրբ Աթոռի կողմից, որը վերահաստատվեց նաև 2001թ.-ին:
Մենք հուզմունքով ենք հիշում Երևանում Հովհաննես-Պողոս II Պապի այցելությունը Հայոց ցեղասպանության հուշահամալիր և «Ավե Մարիա»-ի հուզառատ կատարումը աշխարհում ամենահռչակավոր հայի՝ Շառլ Ազնավուրի կողմից: Ես շատ ուրախ եմ, որ մեր թանկագին մաեստրոն մեզ հետ է նաև այսօր՝ այս արարողությանը:»
Նախարար Նալբանդյանը կարևորեց Սուրբ Աթոռի Քարտուղարության Պալատում Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված ցուցահանդեսի բացումը՝ նշելով, որ Հայ առաքելական եկեղեցու հիմնադրի արձանի Սուրբ Պետրոս տաճարի արտաքին որմնախորշերից մեկում տեղադրումը 2005թ.-ին և նրա անունով մերձակա հրապարակի անվանակոչումը 2008թ.-ին կատարվել են Հովհաննես Պողոսի II պապի կողմից:
«Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը վկայում է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև սերտ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի մասին, բայց արտացոլում է նաև այդ հարաբերություններն առավել սերտացնելու և խորացնելու մեր երկրի ցանկությունը» - ընդգծեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Վատիկանում ՀՀ դեսպանության բացման կապակցությամբ Սուրբ Աթոռի անունից ողջույնի խոսքով հանդես եկավ Արևելյան եկեղեցիների միաբանության ղեկավար և Արևելյան պապական խորհրդի նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրին։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը այցելեց նաև Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանատուն, ծանոթացավ դեսպանության աշխատանքային պայմաններին, հանդիպեց դեսպանության աշխատակիցների հետ։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: