«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը 2020 թվականի օգոստոսին բնակարան է գնել Արաբկիր վարչական շրջանում։ Նա հանդիսանում է այդ բնակարանի միանձնյա սեփականատերը։
Նա, սակայն, ներկայացրել է նաեւ երկու բնակարան, կրկին՝ Արաբկիրում, որը 90 օրից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույք է կամ հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք կամ անշարժ գույք, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն։ Պատգամավորը շարժական գույք չի հայտարարագրել։
Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բանկային հաշվին առկա նրա դրամական միջոցները տարվա ընթացքում տատանվել են. տարվա սկզբում նա մի հաշվին 0 դրամ է ունեցել, որը տարվա վերջ դարձել է 933 հազար դրամ, իսկ 877 հազար դրամից էլ մնացել է 2 հազար դրամ։ Առձեռն հայտարարագրած 8 մլն 500 հազար դրամը տարվա վերջում դարձել էր 11 մլն դրամ։ Նրա միակ եկամուտը եղել է պատգամավորական աշխատավարձը՝ 8 մլն 234 հազար դրամի չափով։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ 30 մլն 935 հազար դրամ է կազմել։
Հակոբյանի հայտարարագրած միակ ծախսը եղել է 3 մլն 169 հազար դրամը, որը ծախսվել է վարկերի մարման համար»: