Աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Հիշեցնենք, որ օրերս Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատան մոտ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի՝ Սպարտակ Ղուկասյանը խուլիգանական գործողություններ էր կատարել: Տեղի ունեցածի պատճառով պաշտոնանկ արվեց ՇՄ ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը:
Վլադիմիր Գասպարյանն այսօր Գյումրիում էր՝ ներակայացնելու մարզի նոր ոստիկանապետին՝ Վարդան Նադարյանին, ով Կոտայքի մարզի նախկին ոստիկանապետն էր մինչեւ սույն թվականի հունվարի 23-ը:
Տեղի ունեցած փակ խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին եւ հաստատել, որ Վարդան Ղուկասյանի որդու արարքներն են պատճառը, որ պաշտոնազրկվել է Կարեն Բաբակեխյանը, իսկ կոնկրետ այդ գործով մանրամասներ չի կարող ասել. «Իմ այցի նպատակն է՝ ներկայացնել տարածքային նոր ոստիկանապետին, գնդապետ Նադարյանին: Միանշանակ հայտարարում եմ, որ իմ կադրային փոփոխություններըպետք է դիտել միայն բարեփոխումների տեսանկյունով: Մասնագիտական բացահայտումների առումով բավարար եմ գնահատում Կարեն Բաբակեխյանի աշխատանքը, բայց բավարար չեմ գնահատում, որ անձնակազմը չկարողացավ իր վարչության պետին սատարել քաղաքացի-ոստիկան հարաբերություններն ըստ պատշաճի բերելու, հասնելու հարցում: Չեմ կարծում, որ Վարդան Ղուկասյանը կամ իր որդին պետք է հանդիսանան էն անձինք, որ ես ոստիկանապետ փոխեմ, մի քիչ շատ չի՞»:
Հավելենք, որ ոստիկանապետն այցելեց նաեւ Շիրակի մարզպետարան, որտեղ եւս փակ խորհրդակցություն էր նախատեսված: