«Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպությունն իր մտահոգությունն է արտահայտում վերջին տարիներին Գյումրի քաղաքում տեղի ունեցած միջադեպերի, այդ առիթներով մամուլում և հասարակության մեջ տարածվող շահարկումների կապակցությամբ:
Շիրակ հայրենակցական միության վերջին համագումարի ուղերձում, ինչպես նաև կազմակերպության ղեկավարությունը ներկայացնող հեղինակավոր անհատների հրապարակային ելույթներում բարոյախրատական հորդորներից զատ փոխըմբռնման ու հանդուրժողականության կոչեր են ուղղվել տեղական իշխանության նախկին ու ներկա ղեկավարներին՝ ի շահ քաղաքի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման:
Նրանք, ովքեր իրենց գործելաոճով ու վարքագծով փորձում են ստվեր գցել պատվախնդիր մեր քաղաքի բարի համբավի վրա, պետք է քաջ գիտակցեն, որ այդ համբավը քաղաքի սերունդների անբասիր ու անխոնջ աշխատանքի, բարեշնորհ ապրելակերպի ու համակեցության ավանդական ու նորացված կանոնների պահպանման ու զուգորդման արդյունք է: Մենք բոլորս երախտապարտ պետք է լինենք մեր քաղաքին նման հռչակ պարգևած վարպետներին, արվեստի ու մշակույթի, գիտության ու կրթության գործիչներին, նամուս դավանող գյումրեցիներին:
Այսօր Գյումրի քաղաքի փառավոր տարեգրության կերտման գործում մեծ վաստակ ունեցող և Շիրակ հայրենակցական միությանը անդամակցող հեղինակությունները բազմավաստակ մարդու իրավունքով դիմում են տեղական իշխանություններին, իրավասու մարմիններին` վերջ դնել իր բարեկրթությամբ մշակույթի մայրաքաղաքի իրավունքը նվաճած Գյումրվա բնականոն արժանապատիվ կյանքը խաթարող երևույթներին:
«Շիրակ հայրենակցական միավորում» ՀԿ-ի վարչություն