«Թող ոչ ոքի չթվա, թե Մարտի մեկն առաջինը իրեն չի վերաբերում»,-այսօր` Ազատության հրապարակում Հայ Ազգային Կոնգրեսի հրավիրած մարտիմեկյան հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` նշելով, որ ոճրագործության բացահայտումը և զոհերի ընտանիքներին նյութական փոհատուցում տալը ՀԱԿ կարևոր խնդիրներից մեկն է:
Նա նշեց, որ ԱԺ-ում խմբակցությունը երկու անգամ հանդես է եկել ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկով:
«Դրա պարտակումը պետականության հիմքերը խարխլող զազրելի հանցագործություն է»,-նշեց ՀՀ առաջին նախագահը:
Լևոն Տեր-Պետրոսյանն այնուհետև խոսեց երկրում առկա մի շարք խնդիրներից:
«ՀԱԿ նախորդ հանրահավաքից անցել է 10 ամիս, բայց կատարված մի շարք իրադարձություններ փոխել են երկրի մթնոլորտը: Իշխանությունները մեծահոգաբար հայտարարեցին գազի գնի սուբսիդավորման մասին, որը խաբեություն է: Սուբսիդավորում կատարվել է ոչ թե նրանց գրպանի, այլ ժողովրդից գանձված եկամտի հաշվին: Ժողովրդի մի գրպանից վերցնում և մի մասը դնում են նրա մյուս գրպանը»,-նշեց ՀՀ առաջին նախագահը` հավելելով.
«Օրենսդրության կոպիտ խախտումով մասնավորեցված «Որոտանի» կասկադը 180 մլն-ով վաճառվեց ամերիկյան երկու ընկերություններին: Հայաստանը կորցրեց էներգետիկ համակարգի վերջին կարևոր հանգույցը»:
Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաև Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը.
«Ընդամենը մի քանի ամիս առաջ երդվյալ եվրոպմետ էին, հիմա` ռուսամետ: Այս ակնթարթային փոփոխությունը բացատրվում է նրանով, որ, եթե առաջ համարում էին, որ լեգիտիմությունը կախված է Արևմուտքից, հիմա կախված է ՌԴ-ից: Հայաստանը ՄՄ է մտնում ձայնազուրկ հպատակի կարգավիճակով, ինչը վկայում է «գազային» պայմանագիրը»:
Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաև արտագաղթի խնդրին, պարտադիր կուտակային կենսաթոշակին, ինչպես նաև խոսեց հետագա անելիքներից:
«Իշխանափոխության պահը հասունացած է. ինչպես կասեր փառապանծ գեներալը`«Վերջին «բոլշևիկը» պետք է հեռանա»,-ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը: