▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վիլիսներով» եկան, ձեռքներին էլ՝ գնդացիր․Անզեն հայերի ու զինված ադրբեջանցիների պատմությունը

«Հունվար-փետրվար ամիսներին «Հայոց ազգային բանակի» ջոկատներով Մարտակերտի շրջանի Կիչամ գյուղում էինք: Արկադի Տեր-Թադևոսյանը մեզ Ստեփանակերտ հրավիրեց և հանձնարարեց կեղծ հետախուզական խաղեր կազմակերպել՝ տպավորություն ստեղծելով, թե իբր հիմնական հարձակումը լինելու է Ջանհասան հատվածի վրա: Մենք պետք է հակառակորդի ուշադրությունը, ուժերը գրավեինք մեզ վրա։ Շուշիի ազատագրման համար ընկած 56 տղաներից 27-ը մեր ջոկատից էին։ Վերջում ես վիրավորվեցի, մի կերպ հասցրին Ստեփանակերտ, ապա՝ Երևան: Հրաշքով ողջ մնացի, իսկ Շուշին ազատագրված չտեսա: Միայն 3-4 օր անց, երբ եկա գիտակցության, տղաներն ամեն ինչ պատմեցին»,-հիշում է Շուշիի ազատագրման մասնակից, «Հայոց ազգային բանակի» հատուկ գնդի հրամանատար Սամվել Փափազյանը։

Նրա խոսքով՝  հայը միշտ պետք է իր բարձի տակ զենք ունենա, պատրաստ լինի ազգի անվտանգության համար պայքարելու։

«1989 թվականն էր, տեղեկացրին, որ Պարույր Սևակի ծննդավայրում՝ Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գյուղում կամավորականների օգնության կարիք ունեն՝ անասնագողություն էր կատարվել։ Արարատի ոստիկանապետի ու գործադիր կոմիտեի տեղակալները գնացել էին Նախիջևան՝ բանակցությունների, նրանց էլ պատանդ էին վերցրել։ Մենք էլ ունենիք մի քանի փամփուշտ, 2 դաշույն, մի այդքան էլ ինքնաշեն նռնակ։ Գյուղում էլ 4 որսորդական մեկփողանի հրացան կար։ Կեսգիշերին պետք է հանդիպեինք։

Հիմա մտածում ենք, թե ի՞նչ անենք, որ ադրբեջանցիների մոտ սարսափ առաջանա։ Ուրեմն, հավաքեցինք գյուղի լայնաթիկունք տղաների, լոբու փայտերը վեցրինք, պարաններով կապեցինք, ճանապարհի 2 կողմում շարվեցինք ու կանգնեցինք։ Գիշերը «Վիլիսներով» եկան դրանք։ Ձեռքներին՝ գնդացիրներ։ Մենք որսորդական հրացանները պահել էինք, քանի որ կկորտորեին մեզ, եթե տեսնեին։ Մեքենաների լույսերն էլ տղաների վրա էին ընկել, լրիվ Սարդարապատի արծիվներ ոնց որ լինեին։ Սրանք, որ տեսան անզեն ենք, ամաչեցին, իրենց զենքերը տարան ու դրեցին մեքենաների մեջ։ Խոսեցինք, համաձայնության եկանք ու փոխանակում կատարեցինք։ Հիմա այսպես հիշում ենք, բայց սարսափելի էր»,-պատմեց Սամվել Փափազյանը։

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее