Մեկ շաբաթ առաջ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հաստատել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումը` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ և առաջարկել էր Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին հստակ և աներկբա տեքստով հրապարակային ներողություն հայցել այն անձանցից, ում վիրավորել է իր արտահայտությամբ և տեղադրել այդ տեքստը Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում
Հիշեցնենք, որ Սամվել Դարբինյանը «Հետքին» տված հարցազրուցյում, պարզաբանելով նախագահական անցած ընտրություններում Վանաձորում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտությունը, ասել էր. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում՝ ինչ է անում»: Քաղաքապետը times.am կայքին տված հարցազրույցում ավելի ուշ ասել էր, թե «որոշ լրատվամիջոցներ փորձել են շահարկել և խեղաթյուրել կարճատև խոսակացության ընթացքում հնչած մտքերը»:
«Հետքը» ստիպված էր եղել հրապարակել Սամվել Դարբինյանի հետ զրույցի ձայնագրությունը, իսկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն էլ դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ քաղաքապետի վարքը քննելու միջնորդությամբ:
Սամվել Դարբինյանն այսօր արդեն տարածել է սպասված հաղորդագրությունը.
«Հարգարժան վանաձորցիներ.
Հավաստում եմ, որ հինգ անգամ ժողովրդի վստահությունը շահած քաղաքապետն ամենից լավ գիտի ինչ բարձր գիտակցական մակարդակ ունի ժողովուրդը և ինչպես է նա գնահատում համայնքի ղեկավարի կողմից կատարված աշխատանքը:
Կրկին անգամ նշում եմ, որ մամուլին տված իմ հեռախոսային հարցազրույցներից մեկում տեղին չի օգտագործվել բառ, որի համար հայցում եմ այն համաքաղաքացիներիս ներողամտությունը, ում ակամայից վիրավորել եմ:
Վանաձորցիների նկատմամբ իմ անսահման սերն ու հարգանքը ես միշտ արտահայտել եմ գործով և հարազատ քաղաքի խնդիրները լուծելու վճռականությամբ»: