Չնայած քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ու ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանը հերքում են լուրերն, ըստ որի, երեկ վիճել են միմյանց հետ ու վեճն այնքան է թեժացել, որ ԲՀԿ-ական պատգամավորը ազատություն է տվել ձեռքերին, քաշքշել է Սուրենյանցին, ապա ապտակներ հասցրել, ոստիկանությունը հաստատում է նրանց միջև տեղի ունեցած միջադեպը:
Hraparak.am-ի հարցին, թե արդյո՞ք երեկ ռեստորանում տեղի ունեցած միջադեպը իրավական ընթացք ստացել է, ոստիկանությունից նշեցին հետևյալը. «Դեկտեմբերի 15-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ ռեստորանային համալիրում Վ. Կ.-ն ծեծի է ենթարկել Ս.Ս.-ին: Մեկնած օպերատիվ խմբին Ս.Ս.-ն հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 14-ին ժամը 18:00-ից 19:00 ընկած ժամանակահատվածում մի ռեստորանային համալիրում Վ.Կ-ն անտեսելով իր հորդորը` միտումնավոր բռնուցքով մեկ անգամ հարվածել է ձախ աչքին` պատճառելով մարմնական վնասվածք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»: Հարցին, թե ինչն է եղել միջադեպի պատճառը, ոստիկանությունից պատասխանեցին, որ հանգամանքները պարզվում են: Ամենայն հավանականությամբ, նախապատրաստված նյութերը կուղարկվեն Հատուկ քննչական ծառայություն: