Երեկ ոստիկանության կայքի վերաբացման շնորհանդեսն էր: Տոնական տրամադրություն ունեցող ոստիկանապետ Վովա Գասպարյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվեց նախագահական ընտրությունների հետ կապված տրամադրություններով:
- Պարոն Գասպարյան, ինչպե՞ս են հարաբերությունները ԲՀԿ-ի հետ` հաշվի առնելով առաջիկա նախագահական ընտրությունները:
- Պետք է կրկնեմ նույնը` մենք երևույթների հետևից ենք գնում: Եթե դուք տեսնում եք, թե Հանրապետականից ինչքան մարդ պատասխանատվության ենթարկվեց, կամ շատերի զավակները պատասխանատվության ենթարկվեցին...
- Բայց Վարդան Ղուկասյանի, նրա զավակի դեպքում ոստիկանությունը միշտ վրիպում է: Նախ, փախուստն է կազմակերպվում, ապա` բերման ենթարկելու քայլեր ձեռնարկվում:
- Ես չգիտեմ ով է կազմակերպում...
- Մարզային, տարածքային ոստիկանությունը...
- Չեմ բացառում, որ մեր մեջ որդեր կլինեն, ինֆորմատոր, բայց իմ պարագայում չի աշխատի, ես նույնիսկ կասեմ, որ մինչև Բաթում գնացինք, բայց մի քիչ ուշացանք:
- Փախուստն ավելի շո՞ւտ կազմակերպվեց:
- Նյութերը նախապատրաստելու, սանկցիա վերցնելու ընթացքում է եղել, ես չեմ կարծում, որ էս երկրռւմ մեկը կարող է փախնել, Երկիր մոլորակից հեռու չեն փախնի:
- Պարոն Գասպարյան, Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության կասկածանքով կալանավորված Հարություն Սարգսյանի փաստաբանն օրերս մեզ հետ զրույցում ասաց, որ անօրինական է գտնվում անազատության մեջ, արգելված է նաև ծնողների հետ տեսակցությունը: Ի՞նչ կասեք այս մասին:
- Ծնողները եղել են իմ մոտ, ես խոսել եմ նրանց հետ, տեսակցության խնդիրը բարձրացվել է իմ մոտ, ես խոսել եմ քննիչների հետ և ուզում եմ զեկուցել, որ քննիչը ենթարկվում է Դատավարական օրենսգրքին, ինձ չի ենթարկվում և գործի նյութերի նպատակահարմարությունից է գտնում տեսակցություն տալու հնարավորությունը: Ես հորդորել եմ, որ տան: Ես վարչարար եմ, քննիչի գործերի վրա ազդելու իրավունք չունեմ:
- Դուք սպանությունից օրեր անց հայտարարեցիք, որ դեպքը բացահայտված է, բայց 6 ամիս շարունակվում է նախաքննությունը:
- Ես շարունակում եմ ասել` հիմնավորված է և հիմնավոր էլ ապացուցված է: Գիտե՞ք ինչ, ես միշտ հասկացել ու հասկանում եմ ծնողին, զավակը թանկ է, ես ամենաքիչ ցանկացողն եմ, որ նման դեպք լինի:
- Երեկ, երբ լրագրողները Վարդան Ղուկասյանին հարցրել են` ինչո՞ւ է զրահապատ մեքենայով շրջում, պատասխանել է, թե քանի դեռ չեն գտել իր վրա կրակողին, իր փեսային սպանողին, կշարունակի...
- Վարդանն ա, էլի, խոսում ա, էլի...
- Պարոն Գասպարյան, մեծահարուստների թալանով զբաղվող բանդան ուղիղ մեկ տարի առաջ վնասազերծվեց, ու մինչ օրս նորություն չկա:
- Թույլ տվեք զեկուցեմ` էդ բանդայի գործն ով որ վնասազերծել է, ես Էդ ժամանակ չեմ եղել, չեմ մասնակցել վնասազերծմանը, իսկ հիմա հետ գնամ և ասեմ, որ գործը քննության ընթացքում է գտնվում, ես չեմ զբաղվում էդ գործով, իսկ քննությունն իմ ֆունկցիաներից դուրս է, չեմ էլ հետաքրքրվում: Հիմա ես կարծում եմ` դատական փուլ կմտնի, ու ամեն ինչ կերևա:
- Դուք որոշ ժամանակ առաջ մայրաքաղաքի տարածքային բաժինների ղեկավարների հետ խորհրդակցություն հրավիրեցիք` քննադատեցիք հանցագործություն թաքցնելը և հանձնարարեցիք ստուգումներ իրականացնել: Ի՞նչ փուլում են ստուգումները: Օրինակ, բացահայտե՞լ եք, թե տարածքայինի պատասխանատուն քանի հանցագործություն է թաքցրել:
- Իհարկե: Ստուգումներն ընթանում են, բայց մասնագիտական հարցեր կան, որոնց մասին չարժե խոսել: Դեռ չեմ ասի, թե ովքեր են, բայց շատերն են պատժվելու:
- Պարոն Գասպարյան, օրերս թոշակի գնաց Ձեր կարկառուն աշխատակիցը` Ռոբերտ Մելքոնյանը (Բազազ), արժանի փոխարինող գտե՞լ եք:
- Իհարկեեեեե, ի՞նչ է նշանակում... անփոխարինելի մարդ չկա: