ԳԱԼԱ-ն գրում է, թե մինչ ՀՀ գյուղատնտեսության ՕԵԿ-ական նախարար Սերգո Կարապետյանը ամեն առիթով հայտարարում ու բարձրաձայնում է այն մասին, որ գյուղատնտեսության ոլորտում արձանագրվում է աճ, արտահանման ծավալները ավելանում են, «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչյա Բերբերյանը, համեմատելով օրինակ ծիրանի արտահանման վերաբերյալ իրենց ստացած պաշտոնական թվերը, պարզել է, որ գյուղատնտեսության նախարարությունում արտահանման թվերը ուռճացնում են:
Լրագրողի հետ զրույցում Հրաչյա Բերբերյանը նախ հայտնել է, որ արտահանման ծավալները նախորդ տարիների հետ համեմատ աճել են, ներկրումը եւս կազմակերպվել է պատշաճ: Հետո «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը ավելացրել է. «Ամենակարեւորը այն է, որ 21.200 տոննա ծիրան է արտահանվել, որը որ որոշ պետական այրերի հրապարակած թվին չի համապատասխանում»: Խոսքն, ըստ Հրաչյա Բերբերյանի, այն է, որ գյուղնախարարության պատասխանատուները 2000 տոննա ավելի են գրել արտահանման ծավալները:
Առայժմ Հրաչյա Բերբերյանը չի կարող ասել, թե ինչու՞ են գյուղատնտեսության նախարարությունում ուռճացրել թվերը: Նա նաեւ նշել է, թե կարծում է, որ կատարվածն անփութություն է, քանի որ կեղծիք որակում տալ չի ցանկանում:
Գյուղատնտեսության նախարարությունից խոստացել են խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնել ավելի ուշ:
Հոդվածն ամբողջությամբ` այստեղ: