▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորհուրդ եմ տալիս չափերի մեջ մնան․ Եղիշե Մելիքյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա - «Փյունիկ» հարաբերությունները շարունակում են լարված լինել։ Այն բանից հետո, երբ Եղիշե Մելիքյանը հայտարարեց, որ հնարավոր է Հայաստանի չեմպիոնը Չեմպիոնների լիգայի որպես տնային հանդիպում անցկացնի Վրաստանում, անմիջապես եղավ ՀՖՖ-ի պատասխանը։ Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի անունից «Փյունիկ» ՖԱ-ին է ուղղվել նամակ, ըստ որի՝ ՀՖՖ-ն պատրաստ է երևանյան ակումբին տրամադրել «Հանրապետական» մարզադաշտը, իսկ Vnews-ին տված հարցազրույցում Ազարյանը մեղադրել է Մելիքյանին և «Փյունիկին» ՈՒԵՖԱ-ի կանոնակարգերին չտիրապետելու մեջ, ինչպես նաև ասել, որ ակումբը ստում է և զբաղվում էժանագին մանիպուլյացիաներով։

Օրագիր․Նյուզը գրում է, որ  այս թեմայի շուրջ զրուցել է «Փյունիկի» չեմպիոն Եղիշե Մելիքյանի հետ․

-Պարոն Մելիքյան, Արթուր Ազարյանից մեջբերեմ այս հատվածը․ ««Փյունիկ» ՖԱ-ն ստում է և զբաղվում էժանագին մանիպուլյացիաներով։ Որևէ անհրաժեշտություն չկա և չի կարող լինել՝ դիմելու ՈՒԵՖԱ-ին՝ հանդիպումները Թբիլիսիում անցկացնելու համար»․ ինչպե՞ս կպատասխանեք ՀՖՖ գլխավոր քարտուղարին։

Ես կասեմ, որ այս ամենը սադրանք է, որ մենք պատասխանենք, մեզ փորձեն սխալ դարձնեն։ Ես պատասխանելիս կմնամ կոռեկտ, բայց խորհուրդ կտամ չափերի մեջ մնան։ Ինչ վերաբերում է ստին․ եթե ուշադիր լսեն իմ հարցազրույցը, ապա կհասկանան, որ ես ասել եմ՝ «Հանրապետականը» մեզ տրամադրելու դեպքում էլ չունենք հնարավորություն այնտեղ մարզվելու, քանի որ մենք պատժամիջոցների տակ ենք։ Ստիպված կլինենք դիմել ՈՒԵՖԱ, քանի որ Վրաստանում իրավունք կունենանք վարձակալել դաշտեր և պատրաստվել եվրագավաթային հանդիպումներին։ Իրենք հասկանում են այնպես, ինչպես ուզում են հասկանալ, դա իրենց սադրանքն է։ Մնացածը՝ օրենքի մեջ է, թե օրենքի մեջ չէ, իմ ակումբը կպատասխանի։

-Ազարյանը նաև շարունակել էր միտքը՝ ասելով․ «Իրավիճակն էլ ավելի աբսուրդային է դառնում, եթե հաշվի առնենք, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբն իրոք դիմել է ՈՒԵՖԱ-ին Չեմպիոնների լիգայում իր հանդիպումները Վրաստանում անցկացնելու նպատակով, դրանով իսկ դառնալով ծիծաղի առարկա․․․»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս խոսքերը։

-Հասարակությունը թող գնահատական տա՝ ՀՖՖ-ն է 3 տարի ծիծաղի առարկա՞, թե՞ «Փյունիկը»՝ իր արդյունքներով։

-Ստացվում է, որ ՀՖՖ-ն այժմ էլ եվրագավաթային փուլից առաջ սրում է իրավիճակը և դարձյալ մեղադրանքներ հնչեցնում «Փյունիկի» հասցեին․ ի՞նչ հետագա գործողություններ սպասենք ՀՖՖ-ից։

-Այսքանով պարզ է, որ իմ խնդրանքը և շնորհակալ լինելը մեզ աջակցելու համար, իրենք դարձյալ տանում են վիրավորանքների դաշտ՝ մեղադրելով մեզ էժանագին մանիպուլյացիաների մեջ։ Այսքանով ինձ պարզ է դառնում, որ իրենց հետաքրքիր են իրենց անձնական ես-ը և ամբիցիաները։

-Ազարյանը Ձեզ և ակումբին մեղադրում է նաև ՈւԵՖԱ-ի կանոնակարգերին չտիրապետելու մեջ․ ի՞նչ դիվիդենտեր է ցանկանում հավաքել Ազարյանը։

-Ես՝ որպես մարզիչ, այդքան էլ չեմ տիրապետում ՈՒԵՖԱ-ի կանոններին, ինչպես իրենք, սակայն ես շատ լավ տիրապետում եմ, թե ինչ տրամադրվածությամբ ու ինչ աշխատելաոճով են ցանկանում խանգարել մեր արդյունքներին։ Ես հասկանում եմ, որ այնքան պարզ եմ ներկայացրել իրենց սխալները, որ իրենք ցանկանում են արդարանալ ֆուտբոլային հասարակության առջև։

Հեղինակ՝ Արման Առաքելյան

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее