▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորհրդարանական ընտրությունները՝ օրախնդի՞ր, թե՞ փրկօղակ

 

Հայաստանյան ներքաղաքական թնջուկի կարևորագույն հարցը շարունակվում է մնալ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետը: Ի վերջո, երբ կանցկացվեն արտահերթ ընտրությունները, ինչպես ամրագրված է այս կառավարության ծրագրում, թե՞ այս տարվա դեկտեմբերին, ինչպես Երևանի ավագանու ընտրություններից հետո հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչու՞ հանկարծ, Երևանի ավագանու ընտրություններից հետո որոշվեց խորհրդարանական ընտրություներն անցկացնել այս տարվա դեկտեմբերին, մի՞ թե ավագանու ընտրությունների 82 տոկոսանոց հաղթանակն էր պատճառը, որ վարչապետը ցանկացավ հաղթանակի դափնին ամբողջությամբ վայելել՝ այս անգամ արդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների տեսքով, թե՞ ընտրությունների այս հափշտափ անցկացման հիմքում նրան այլ՝ ավելի լուրջ անհանգստացնող փաստարկներ կային:

Ինչու՞ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների հաստատումից հետո կտրուկ լարվեց իրավիճակն այն աստիճան, որ Նիկոլ Փաշինյանը 10 րոպեի ընթացքում հավաք հրավիրեց Ազգային Ժողովի  շենքի մոտ ու խորհրդարանական խմբակցությունների հետ խոսակցության գնալուց առաջ որոշեց ժողովրդով «վախացնել» խմբակցություններին՝ հայտարարելով, թե խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը, ըստ էության  Հայաստանի ժողովրդի պահանջն է և բխում  է երկրի տնտեսական շահերից: Ավելին, վարչապետը սպառնաց խորհրդարանական արտահերթ ընտրությունների հասնել նույնիսկ իր հրաժարականի գնով:

Ո՞րն էր վարչապետի  ցայտնոտի պատճառը, իսկապե՞ս այդքան օրախնդիր է արտահերթ ընտրությունների անցկացումը դեկտեմբերին, տնտեսական աճ կգրանցվի ու ներդրողները կշտապե՞ն Հայաստան, թե՞ իրական պատճառն այլ է:

Չէ որ Փաշինյանը դեռևս մայիսին Ազգային Ժողովի ամբիոնից խոստանում էր ընտրական օրենսգրքի բարեփոխումներ իրականացնել՝ շեշտելով, թե գործող օրենսգրքով հնարավոր չէ նորմալ ընտրություններ իրականացնել ու հիմա հանկարծ որոշեց արտահերթ ընտրությունները կազմակերպել դեկտեմբերին՝ առանց ընտրական օրենսգրքի բարեփոխումների: Ինչո՞վ է պայմանավորված վարչապետի շտապողականությունը, քանի որ իր խոստումներից որևէ մեկն այս 5 ամսվա ընթացքոմ չի իրականացվել: Եթե փորձենք համադրել փաստերը, ապա կտեսնենք, որ ընտրական  օրենսգրքի խոստացված բարեփոխումները չեն իրականացվել, այնպես ինչպես չի բացահայտվել մարտի 1-ը, ավելին փորձագետների պնդումներով՝ այս գործի բացահայտումը ՀՔԾ-ն վերջանականապես տապալել է:

Նիկոլ Փաշինյանի հաջորդ խոստումը վերաբերվում էր քրեաօլիգարխիկ համակարգի բացահայտմանն ու դրա դեմ անողոք պայքարին: Բացառությամբ, Սաշիկ Սարգսյանի, Վաչագան Սարգսյանի նկատմամբ կազմակերպված անհաջող շոուներից, այստեղ ևս որևէ բացահայտում չեղավ: Թերևս, այս համատեքստում միակ «բացահայտումը» գեներալ Մանվելի «տուշոնկեքի գործն» է, որն էլ ըստ շրջանառվող լուրերի հատուկ ծառայությունների մոնտաժման աշխատանքի արդյունք էր: Ու թեպետ, մինչ օրս գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալված է, բայց առ այսօր այդ մեղսագրումը հիմնավորված չէ: Կոռուպցիայի դեմ անողոք պայքարը, վարչապետի հաջորդ չկատարած խոստումն է ու թեպետ, հրապարակային ելույթներում հայտարարում են, որ այլևս Հայաստանում կոռուպցիա չկա, բայց գոնե մեկ դեպք, ասենք՝ ԱՅԲ-ի այդքան չարքչրքված դեպքը չի բացահայտվել:

Այնպես, ինչպես չի բացահայտվել ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումը: Այդ ժամանակ ևս վարչապետը խոստացավ գաղտանլսողներին շատ արագ բացահայտել ու «փռել ասֆալտին», «ծեփել պատին»՝ չգիտակցելով, որ երկրի ղեկավարի շուրթերից հնչեցրած այդպիսի սպառնալիքների դեպքում որևէ ներդրողի մտքով չի անցնի ներդրում կատարել Հայաստանում,  այնպիսի երկրում, որտեղ վարչապետը հայտարարում է, որ ոչ թե օրենքը, ոչ թե անկախ դատարանները, այլ ինքն է անձամբ ներդրումների երաշխավորը:

Հարց է առաջանում, ո՞վ է ներդրումների բացակայության պատճառը, երբ տնտեսության վիճակը ողբալի է: Իսկ դիմացը՝ սպասվող ձմռան դժվար ամիսներին զուգահեռ հասունանում է ժողովրդին պատասխան տալու ժամանակը, այդ իսկ պատճառով կարելի է ենթադրել, որ հնարավորինս արագ արտահերթ ընտրությունների կազմակերպումը ոչ միայն օրախնդիր է, այլ նույնիսկ փրկօղակ:

 

Արման Խարազյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее