Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարեց, որ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Վահե Էլոյանը սեփական դիմումի համաձայն չի ազատվել աշխատանքից: Ավելին, նա տեղյակ էլ չի եղել իր ազատման մասին:
«Ոտնահարվել են քաղծառայողի իրավունքը: Ինչպես ես, այնպես էլ մեր հասարակությունը կուզենք իմանալ, թե ով է կառավարությանը թյուրիմացության մեջ գցել»,-հայտարարեց Վահան Բաբայանը:
Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստում նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը կառավարությանը խնդրեց որոշում ընդունել իր աշխատակազմի ղեկավարին աշխատանքից ազատելու մասին` ասելով, թե Էլոյանն ինքն է դիմում գրել: