Այսօր ԱԺ –ում տեղի ունեցավ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամլո ասուլիսը և ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ԵԽԽՎ կազմից դուրս է գալու «Ժառանգության» պատգամավոր Զ, Փոստանջյանը կամ պատվիրակության կազմում նրան կփոխարինի նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր, պատասխանեց.
«Ես զերծ կմնամ որևէ պատասխանից, չգիտեմ, թե ԱԺ նախագահը ինչ որոշում կընդունի: Հարցը գտնվում է ԱԺ նախագահի իրավասությունների ներքո: Ընթացակարգը թույլ է տալիս ռոտացիա և պատվիրակություն ձևավորելու դեպքում պետք է հաշվի առնել նաև ԵԽԽՎ կանոնները, քանի որ կարևոր է արդարացի և համաչափ ներկայանալը»:
Ինչ վերաբերում է հարցին, թե մի՞թե ազատ կամքը արտահայտելու դեպքում արժե փոփոխություն կատարել, Դավիթ Հարությունյանը պատասխանեց.
«Կարծիք արտահայտելու իրավունքն ամենակարևորն է, բայց չպետք է մոռանալ, որ այն սահմանափակումներ ունի: Զ. Փոստանջյանի դեպքն աննախադեպ էր ԵԽԽՎ-ում: Ամենամեծ հարվածը ստացավ ՀՀ ընդդիմությունը»:
Անի Կարապետյան