Սիրելի հայրենակիցներ,
Եթե Խորհրդային Հայաստանի իշխանությունները հնարավորություն չունեին լիարժեք պահանջներ ներկայացնել հայոց ազգային իրավունքների վերաբերյալ և հարկադրված էին լռել, ապա Խորհրդային միության անկումից հետո հայկական երկու հանրապետությունների իշխանությունները ազգային-ազատագրական պայքարի դրոշը, պայքարի ղեկավարումը պարտավոր էին տանել բոլոր ճակատներում: Շուրջ 20 տարի առաջ հայ ժողովուրդը իր պատմական ընթացքի մեջ արձանագրեց բեկում. մենք մեր պատմական հայրենիքում ժողովրդի քվեի ուժով հաստատեցինք հայկական իշխանություն, որի արդյունքը Արցախի ազատագրումն էր: Սակայն ձեռք բերված հաղթանակը, այնուամենայնիվ, արմատական շրջադարձ չունեցավ հայկական բնօրրանում՝ հայ ժողովրդի ապրելու բացարձակ և անվիճելի իրավունքների համար: Ժողովրդի քվեի ուժով հաստատված հայկական իշխանությունը 1995 թվականից հետո փոխվեց, և այսօր արդեն նրա տեղում հակահայ իշխանություն է: Հակահայ իշխանությունը լայնածավալ գործունեություն է իրականացնում՝ վերացնելու երկու հայկական պետությունները: Ինչպես անցյալ դարի սկզբին գործում էր ծրագիր հայկական բարձրավանդակից բնաջնջել հայերին, այնպես էլ այսօր գործում է հայերին իրենց հայրենիքից տարհանելու հակահայ ծրագիրը: Այս պահին հակահայ ծրագիրը իրականացվում է Սերժ Սարգսյանի գործուն մասնակցությամբ: Նրա կողմից, սույն թվականի սեպտեմբերի 3-ին, երկրի արտաքին քաղաքական ուղեգծի միանձնյա և կտրուկ փոփոխությունը, Եվրոմիության հետ Ասոցացման պայմանագրի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի կնքման փոխարեն Մոսկվայում Մաքսային միությանն անդամագրվելու մասին հայտնի հուշագրի ստորագրումը լրջագույն մարտահրավեր դարձան Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ինքնիշխանության համար: Այդ միության մաքսային դրույքաչափերի ընդունումը մեր երկրին սպառնում է գների շեշտակի աճով և բնակչության սոցիալական վիճակի էլ ավելի վատթարացմամբ և արտագաղթի ծավալների էլ ավելի մեծացմամբ: Ուրեմն ի՞նչ վերջնանպատակ ունեն հակահայերը` մեր պատմական հայրենիքում թողնել այնքան բնակչություն և այդ բնակչությանը վերահսկող Սերժ Սարգսյաններ, ովքեր ի զորու չեն լինի հանդես գալ որպես ազատ և անկախ պետության քաղաքացիներ: Սիրելի հայրենակիցներ, Արթնացե´ք, արթնացրե´ք Ձեր մեջ Հայրենիքը կորցնելու վտանգի զգացումը, Արդարության մարտիկնե’ր, ոտքի ելե´ք. Հայրենիքը պաշտպանության կարիք ունի:
«Խորհրդարանական շաբաթ»
«Ժառանգություն» խմբակցության մամլո ծառայություն