ՀՀ ԱԺ-ում այսօր տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ միջադեպ է առաջացել «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի միջև:
Զարուհի Փոստանջյանը իր ելույթի ժամանակ փորձել է ընթերցել «Ժառանգություն» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված մի նամակ, սակայն նրան ընդհատել են և անջատել խոսափողը: Հովիկ Աբրահամյանը դա բացատրել է նրանով, որ նամակը կապ չի ունեցել նիստին քննարկվող թեմայի հետ:
Այնուամենանիվ, Զ. Փոստանջյանը շարունակել է ընթերցել՝ առանց բարձրախոսի, սակայն չի կարողացել նամակը ավարտին հասցնել:
Այնուհետև Հ. Աբրահամյանի հրամանով՝ խոսքը տրվել է ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանին, ով էլ իր հերթին պահանջել է, որ Զ. Փոստանջյանը հեռանա: Սակայն վերջինս չի հեռացել: