Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Յագլանդին և մի շարք այլ պաշտոնյաների, ԵԽԽՎ ազգային պատվիրակությունների ղեկավարներին է դիմել Զարուհի Փոստանջյանը ՌԴ Նոր Մոսկվա քաղաքում տեղի ունեցած ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով կալանավորված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի ոտնահարված իրավունքների մասին: Որտեղ խոսում է Ռուսաստանում օրեցօր մեծացող ռասիզմի, այլատյացության, արդարադատության համակարգի արատների, իհարկե նաև կանացի խալաթի, լրագրող Օլգա Սկոբեևայի և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի կողմից այլատյացության և ռասիզմի տարածման մասին:
Իմ կարծիքով շատ կոշտ, շատ վտանգավոր, անպատեհ հայտարարություններ, որոնց հետևանքները մենք ցավոք հետագայում անպայման կզգանք…
Ասոցացման համաձայնագի՞ր, թե’ Մաքսային միությու՞ն...Ռուսատան, թե’ արևմուտք դիլեմայի շուրջ կրքերի բորբոքման և հայ-ռուսական հարաբերությունների բեկումնային այս փխրուն, վտանգավոր, լարված իրավիճակում Զարուհի Փոստանջյանի այս դիմումը նման է կրակի վրա լցվող բենզինի…
Ցավն այն է, որ այդ ամենը այս տիկինը բացատրում է Ռուսաստանում ապրող հայերի շահերի, նրանց անվտանգության ապահովման մտահոգությամբ…Խոսք չունեմ մտահոգության արտահայտման յուրօրինակ ձև է: Դե իհարկե այս դիմումից հետո անպայման Սոբյանինը և մյուս չինովնիկները տակները «չիշիկ» կանեն ու անպայման ավելի «հայասեր» կդառնան: Իսկ թե ինչի են ընդունակ ռուսները իրենց կայսերապաշտական, խորհրդային նենգավոր, կոշտ, չոր դիվանագիտական քաղաքականությամբ, տարաբնույթ էժանագին, մանրախնդրության հասնող պատժամիջոցներով, համոզվեցինք Վրաստանի, Ուկրաինայի օրինակով և հիմա էլ որոշ դեպքերում մեր հանդեպ նրանց սառը վերաբերմունքի, մեր արևելյան հարևանի հետ սիրախաղերի դրսևորումներով:
Այս իրավիճակում մեր և ռուսների հարաբերությունների պարզաբանման համար դրսից «արբիտր» բերելը, տղա կանչելը ես համարում եմ ոչ խելամիտ արարք…
Տա Աստված ես սխալվեմ, բայց դեպքերի ընթացքը այլ բան է ցույց տալիս: Ստեղծված իրավիճակում, գոնե մոտակա ամիսներին պետք է խուսափել նման հայտարարություններից, կոչերից և քննարկումներից` հատկապես եվրոպական կառույցներում:
Ներկայումս, առավել քան երբևե, պետք է լինենք ավելի ողջախոհ, շրջահայաց և կշռադատված մեր խոսքերում, գործողություններում և միջպետական հարաբերություններում: Այլապես Ռուսաստանը կփակի բոլոր «վինտիլները», իսկ նա դա անում է, երբ ուզում է, ինչպես ուզում է, ում նկատմամբ ուզում է…
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը
Ֆեյսբուք