«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ զինանշանի ու օրհներգի նկատմամբ իրականացրած «վրաերթը», ինչպես ասում են, հենց այնպես չէ, և իշխանությունները նախատեսում են առաջիկայում օրակարգ բերել դրանք փոփոխելու հարցը։ Ավելին, «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս առիթով արդեն մի քանի քննարկում է տեղի ունեցել՝ «քավորությամբ» վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի։
Մեզ հայտնի է դարձել, որ տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են կոմպոզիտորներ, գրողներ, ճարտարապետներ, նկարիչներ, նույնիսկ արդեն իսկ առկա են զինանշանի մի քանի տարբերակներ։ Առաջիկայում նախատեսվում է զինանշանի և օրհներգի փոփոխության հարցերով ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որն էլ պետք է ուսումնասիրի և հանրությանը ներկայացնի ընտրված առավել հաջողված տարբերակները։
Այս փուլում իշխանությունները մտադիր են թեման դեռևս չհանրայնացնել, բայց միաժամանակ աստիճանաբար տարբեր հարմար առիթներով տվյալ թեմայի հետ կապված առանձին թեզեր նետել հանրային տիրույթ՝ տրամադրություններն ու արձագանքները ստուգելու նպատակով»: