«Երեկ հայտնի դարձավ, որ օրերս ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասում միջադեպ է տեղի ունեցել՝ ինչի հետևանքով երեկ գիշերը ժամը 03:30-ի սահմաններում ծայրահեղ ծանր վիճակով Երևանի ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Երևանի 18-ամյա բնակիչ Մհեր Խլղաթյանը։ Հոսպիտալից երեկ մեզ հայտնեցին, որ զինծառայողը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Հայտնեցին նաև, որ զինծառայողը հիվանդանոց է տեղափոխվել թոքաբորբ ախտորոշմամբ։ Նշենք, որ Խլղաթյանը բանակ էր զորակոչվել ընդամենը 27 օր առաջ՝ դեկտեմբերի 18-ին։
Մեր ունեցած տեղեկություններով՝ մինչև Երևան տեղափոխելը զինվորը մի քանի օր ունեցել է թոքերի հետ կապված խնդիր։ Ըստ որոշ տեղեկությունների, զորամասի բուժկետում զինծառայողի նկատմամբ բռնություն են կիրառել բժիշկն ու բուժակները։ Մինչ Երևանի հոսպիտալ տեղափոխելը զինվորին տարել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ որոշ ժամանակ պահելուց հետո միայն տեղափոխել են Երևան։ Մհերը բանակ էր զորակոչվել 2013թ. ղեկտեմբերի 18-ին, Կենտրոնի զինկոմիսարիատի կողմից. նա բնակվում է Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ քրոջ և մոր հետ, իսկ հայրը գտնվում է արտասահմանում։
ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը երեկոյան մեզ հայտնեց, որ զինծառայողի գիտակցությունը տեղն է»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի