▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զոյա ԹԱԴԵՎՈՍՅԱՆ.«Գուցե Լևոն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ թերությունն էլ ՄՈՒԹ ՈՒ ՑՈՒՐՏ տարիներն են»

ՀԱԿ-ը Ազգային ժողով  է ներկայացրել Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու փաթեթ, որից սպասվող ակնկալիքների և առաջիկա նախագահական ընտրություններին ՀԱԿ-ի դիրքորոշման մասին  Asekose.am-ի  թղթակիցը զրուցել է ՀԱԿ անդամ Զոյա ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ հետ:

-Տիկի՛ն Թադևոսյան, ի՞նչ ակնկալիքներ ունեք օրենսգրքում փոփոխություններ կատարելու փաթեթի վերաբերյալ. ԱԺ-ը կընդունի՞   այն:

-Նախագծի ամենակարևոր հարցը ընտրողների` մատների թանաքոտման ճանապարհով ընտրությանը մասնակցելու թեզն է: Ինչ վերաբերում է ակնկալիքներին, բնականաբար չենք մտածում, որ ԱԺ-ը կընդունի այն. ԱԺ-ի մեծամասնությունն ունի ընդհանրապես վերարտադրելու խնդիր, և այդ խնդիրը լուծում է ընտրակեղծիքների միջոցով: Ընտրական օրենսգիրքը ինչքան էլ փոփոխության ենթարկվի, միևնույնն է, կեղծիքներն ավելի են կատարելագործվում:

- Իսկ չե՞ ք կարծում, որ մատնահետքերի թանաքոտման անցկացումն ու բազմազան տեսախցիկները կարող են խուճապի մթնոլորտ ստեղծել ընտրողների շրջանում:

-Ժամանակն է, որ մարդիկ սովորեն գրագիտորեն ընտրություն կատարել և զերծ մնան իշխանությունների այն հեքիաթներից, թե ընտրակաշառք վերցնելով,  ստիպված են ընտրել իշխանության իրենց ներկայացուցչին:

-Ըստ  Ձեզ , առաջիկա նախագահական ընտրություններին Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջադրի իր թեկնածությունը: Առաջադրվելու դեպքում որքա՞ն կլինի նրա ընտրվելու հավանականությունը:

-Դա իր որոշումն է, սակայն կարող եմ ասել, որ չեմ տեսնում քաղաքական դաշտում Տեր-Պետրոսյանին համարժեք քաղաքական գործիչ, նա քաղաքական գիգանտ է, թերևս այս միտքը քաղաքական դյուրազգաց գործիչների մոտ հեղձուկ առաջացնի, սակայն ես մնում եմ իմ համոզմունքին:

-Լևոն Տեր-Պետրոսյանը , չնայած  ունի համախոհների մեծ բանակ, այնուամենայնիվ , կան նաև շատ մարդիկ, ովքեր  նրա անունը ասոցացնում են 90-ականների մութ ու ցուրտ տարիների հետ, ի՞ նչ կասեք այս մասին:

-Ամաչում եմ, որ ունեմ նման նյութապաշտ հայրենակիցներ, մարդիկ, որոնք հիշում են այդ տարիների մութն ու ցուրտը միայն, մոռանալով մեր գլխավոր ձեռքբերումների մասին, նման մարդկանց ասելիք չունեմ: Գուցե Լևոն Տեր-Պետրոսյանի թերությունն էլ մութ ու ցուրտ տարիներն են: Մի հետաքրքիր միտք կա Վարդան Պետրոսյանի մանրապատումներից մեկում. <<Մութ ու ցուրտ էր, Բայց Լևոնը այդ տարիներին լավ էր կառավարում>>:

-Եթե ՀԱԿ-ից նախագահական ընտրություններում առաջադրվի Նիկոլ Փաշինյանը, ի՞ նչ դիրքորոշում կունենա ՀԱԿ-ը:

-Եթե մեր առաջնորդը տա իր համաձայնությունը, ապա մենք կսատարենք Նիկոլին:

-Ի՞ նչ կասեք << Ժառանգություն>> - <<Ազատ դեմոկրատներ>> հակամարտության մասին:

-Ես ընդհանրապես չեմ կարդում այն նյութերը, որտեղ նշվում է «Ժառանգության» մասին, ինձ համար նման կուսակցություն գոյություն չունի: Ես չեմ ճանաչում այդ կուսակցությունը այն օրվանից, երբ դուրս եկա այդ կուսակցությունից կամ ինձ հեռացրին այնտեղից:

-Խոսենք ԲՀԿ-ի մասին, տեսնու՞ մ եք Գագիկ Ծառուկյանին քաղաքականության մեջ:

-Պարզապես կարող եմ ասել` գիտունին եղիր գերի, անգետին` ոչ սիրելի: 

-Ի՞նչ կասեք ՀՀ քաղաքացիներին ընտրություններից առաջ:

-ՀՀ-ում իշխանությունը ձերն է, տեր կանգնեք ձեր քվեին:

 

Հարցազրույցը`Սեդա ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее