«Հրապարակ» թերթը գրում է. «Երևան» քրեակատարողական հիմնարկը՝ նույն ինքը ԱԱԾ-ի պադվալը, շատ սահմանափակ թվով կալանավորներ է տեղավորում: Ընդամենը 13 խուց է, որից 5-ը՝ մեկտեղանոց, իսկ մնացածը նախատեսված են մինչև 5 հոգու համար։
Նաիրի Հունանյանն ու նրա եղբայրն արդեն 27 տարի է այստեղ են` մենախցերում են, այսինքն՝ 2 խուց մշտապես զբաղված է։ Մնացած առանձնախցերում այս պահին պահվում են Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Բեգլարյանը։
Պարզվում է՝ Քոչարյանների ընտանիքի դեմ լայնածավալ հարձակումից առաջ ԱԱԾ-ի պադվալում տեղեր են ազատել։ Այսպես ասած՝ շարքային հանցագործներին տեղափոխել են այլ կալանավայրեր, որ տեղ ազատվի քաղբանտարկյալների համար:
Թեև ԱԱԾ-ում հասարակ հանցագործներ չեն լինում։ Այստեղ պահվում են կա՛մ շատ ծանր մեղադրանքներով մարդիկ, կա՛մ նրանք, ովքեր քրեական ենթամշակույթի հետ խնդիրներ ունեն, և, ասենք, այլ քրեակատարողական հիմնարկներում նրանց կյանքին վտանգ է սպառնում։
Մեր աղբյուրներն ասում են, որ մինչև Քոչարյաններին ԱԱԾ-ի պադվալ բերելը, գրեթե, բոլոր խցերից մեկական մարդ են տեղափոխել այլ կալանավայրեր՝ տեղ ազատելու համար։ Մեզ ասացին, որ անցյալ շաբաթվա վերջի կրկին մեկական մարդ են տեղափոխել «Երևան կենտրոն» ՔԿՀ-ից այլ ՔԿՀ-ներ։ Այսինքն՝ նորից տեղ են բացել։
Արդյոք սա նշանակում է, որ իշխանությունը նոր կալանավորումներ է նախապատրաստում՝ դժվար է ասել։ Թե ինչ գործով կարող են լինել դրանք, նույնպես դեռ հայտնի չէ։ Բայց փաստը ինչ որ բան հուշում է:
Հիշեցնենք, որ «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկում այս պահին գտնվում են նաև Արգամ Աբրահամյանը, Սեդրակ Քոչարյանը և Անդրանիկ Թևանյանը, սակայն նրանք նստած են մի քանի տեղանոց խցերում։


