ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գագ, հազար ափսոս։ Լույսերի մեջ մնաս, տաղանդավոր ու լուսավոր մարդ։

Դու գնացիր, բայց վաստակդ անմահ է... Մեր ժողովրդին ժառանգություն թողեցիր անբաժան տեսախցիկովդ։ Ողջ Արցախյան ազատամարտը քո օբյեկտիվով մնաց պատմություն։
Իսկ Շուշիի ազատագրման բացառիկ կադրերը հավերժ են մնալու, Գագ ջան։
Շատ բան կուզեի ասել, պատմել... բայց առիթը լինելու է, ընկեր, բարով գնաս։ Միանում ես քո նկարահանած բազում հերոսների։
Նրանց էլ ասա, որ երջանիկն իրենք են, որ տեսան միայն հաղթանակ, իսկ դավաճանության ու պարտության ցավը մեզ բաժին հասան։
Մինչ հանդիպում, Կյաժ Գագո ջան...»:
Ավելի վաղ, Հանրային Ռադիոյի ֆեյսբուքյան էջը գրել էր․
Խոր վշտով տեղեկացանք Հանրային ռադիոյի լրատվական ծառայության վիդեոարտադրանքի պրոդյուսեր, անվանի հեռուստաօպերատոր և վավերագրող Գագիկ Սիմոնյանի անժամանակ մահվան մասին։
Գագիկ Սիմոնյանն իր մասնագիտական ողջ կյանքը նվիրել է հեռուստատեսությանը, լրագրությանը և վավերագրական արվեստին։ Նա երկար տարիներ աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես օպերատոր, եղել լրատվական ծրագրերի գլխավոր ռեժիսոր, ինչպես նաև «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայի գլխավոր պրոդյուսեր։
Նրա տեսախցիկը վավերագրել է մեր նորագույն պատմության ամենաճակատագրական էջերը։ 1988 թվականից նա եղել է պատմական իրադարձությունների էպիկենտրոնում՝ իր մասնագիտական առաքելությունը կատարելով նաև պատերազմի դաշտում։ Նա այն մարդկանցից էր, որոնք ոչ միայն արձանագրում էին պատմությունը, այլև իրենց աշխատանքով դառնում դրա անմիջական մասնակիցն ու վկան։
Գագիկ Սիմոնյանի թողած հարուստ մասնագիտական ժառանգությունը, նրա ստեղծած վավերագրական կադրերն ու մարդկային կերպարը կմնան գործընկերների, հեռուստադիտողների և հայկական մեդիադաշտի հիշողության մեջ։
Հանրային ռադիոյի ողջ աշխատակազմը խորապես ցավակցում է Գագիկ Սիմոնյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին։
Նրա տեսախցիկն այլևս չի արձանագրի նոր պատմություններ, բայց նրա թողած կադրերը հավերժ կպատմեն մեր պատմությունը։
Լույսերի մեջ մնաս, սիրելի Գագի՛կ։
Հոգեհանգիստը՝ Նոյեմբերի 23-ին, 18:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցի»։


