▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանին ունեզրկելու պրոցեսը հետևողականորեն շարունակվում է

«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանին ունեզրկելու պրոցեսը Փաշինյանն ու իր ենթակաները հետևողականորեն շարունակում են: Մի քանի օր է՝ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ» ընկերության վարորդներն են պարեկների թիրախում. Կոտայքի մարզից Երևան գնացող երթուղով աշխատող տրանսպորտը կանգնեցնում են, ստուգում ու տուգանում:

Վարորդներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ամեն քայլափոխի 5 հազար դրամով տուգանում են. «Եթե երթուղին 16 տեղ ունի, պետք է հենց այդքան ուղևոր լինի մեքենայում, անգամ 1 մարդ ավել չպետք է վերցնեմ: Եթե վերցնեմ, հա՛մ կտուգանվեմ, հա՛մ էլ խոսակցություն կգա վրես: Առաջ էդպես չէր, եթե տեսնում էի՝ 1 կամ 2 հոգի մնում է կանգառում, վերցնում էի, որ մարդը երկար չսպասեր: Հիմա, եթե բարձրանում են, ինքս եմ իջեցնում. մարդիկ նեղանում են, ասում են` թեկուզ կանգնած, շուտ տեղ հասնենք, բայց հո ես իմ հացին վայիս չե՞մ լինի, առանց այն էլ տեսնում եք` ինչ վիճակ ա»:

Տուգանքների հետ կապված՝ կապ հաստատեցինք «Մուլտի տրանսպորտ» ընկերության հետ, սակայն դիսպետչերը, լսելով լրատվամիջոցի անունը, ասաց` ոչ մի բանով չեմ կարող օգտակար լինել, և անջատեց:

Նշենք, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը երկու ամսով կալանավորվել է` Ծառուկյանի դեմ սկսված հետապնդումից հետո: Իշխանությունը նախ Ծառուկյանի հյուրանոցները, գործարանները, մարզահամալիրը խլեց, առգրավեց կենդանիներին, հիմա հերթը հասել է «Մուլտի տրանսպորտ» ընկերությանը: Միայն այն փաստը, որ պարեկները նույն հետևողականությամբ չեն ստուգում և չեն տուգանում մյուս մարզերի, նաև Երևանի վարորդներին, արդեն իսկ խոսում է քաղաքական հրահանգի մասին»։

Մամուլ ավելին