▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԵՄ հանրաքվեի մասին Փաշինյանի խոսքերը վկայում են ժողովրդի հանդեպ նրա անվստահության մասին»․ Լավրով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, թե հանրապետության՝ Եվրոմիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի մասին կարելի կլինի խոսել միայն հայտ ներկայացնելուց և «ճանապարհային քարտեզը» պատրաստելուց հետո, վկայում են նրա՝ սեփական ժողովրդի նկատմամբ «ոչ այնքան մեծ վստահության» մասին, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ РБК-ին տված հարցազրույցում։

«Անհրաժեշտ է արդար ընտրություն. ինչի՞ միջև եք ընտրում, ինչպե՞ս եք ապրում հիմա, երբ առևտրաշրջանառությունը վերջին երեք տարիների ընթացքում կազմել է ավելի քան վեց միլիարդ, իսկ մեկ տարվա ընթացքում՝ 12 միլիարդ։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի շնորհիվ»,- հավելել է նա։

***

Հայկական կողմի՝ Ռուսաստանի նկատմամբ վերջին շրջանում ներկայացրած որոշ պահանջներ զարմանք և հուզական արձագանք են առաջացնում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ РБК-ին տված հարցազրույցում։

«Մենք կանոնավոր կապեր ունենք փոխվարչապետների մակարդակով։ Հայերին հետաքրքրող ցանկացած հարց կարելի է քննարկել, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղու» հետ կապված իրավիճակը, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի կողմից գտնվում է կոնցեսիոն կառավարման ներքո։

Եվ մենք զարմանքով ենք լսում, թե ինչպես են այս հարցերը, եթե դրանք արդեն իսկ առաջացել են, գործընկերոջ հետ քննարկելու փոխարեն անմիջապես հանվում հանրային դաշտ։ Հայտարարություն է արվում. «Դա մերն է, և ընդհանրապես մեզ երկու միլիարդ են պարտք»։

Ես հասկանում եմ, որ սա, բացի տնտեսական վերլուծության վրա հիմնված գնահատականներից, մեր քաղաքացիների մոտ նաև հույզեր է առաջացնում։ Ես բացառություն չեմ»,- ասել է նա։

Շաբաթներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Հայաստանում էլ բաներ կան, որ անվճար է, կարող է պարզվի, որ թանկանում է: Կարող է բաներ կան, որ Հայաստանում գոյություն ունեն 30 տարի անվճար, կարող է պարզվի, որ Հայաստանը կսկսի դրա համար տարեկան 2 միլիարդ դոլար ուզել: Ասել՝ կամ տարեկան 2 միլիարդ վարձավճար մուծեք, կամ էլ... Երկաթուղու մասին ակնարկի բան չկա. ես պարզ ասում եմ՝ դա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, և ուրիշ տարբերակ չկա»:

***

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը РБК-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը։

«Այնտեղ ևս մեկ նախագահ է գտնվում հետաքննության տակ՝ Սարգսյանը, որը Քոչարյանի օրոք պաշտպանության նախարար էր, իսկ այնուհետև դարձավ նախագահ։

Մեր դիրքորոշումն այն է, որ ելնում ենք հայ ժողովրդի շահերից։ Տեսնում ենք, թե ինչպես են դարերի ընթացքում հայ ժողովրդի շահերը միահյուսված եղել մեր ժողովրդի շահերի հետ։ Եվ միշտ՝ երկար, շատ երկար ժամանակահատվածներում, մենք միասին ենք եղել, միմյանց հետ համերաշխ։ Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ ծանր իրավիճակներում աջակցել է հայ ժողովրդին և Հայաստանի ղեկավարությանը։ Իհարկե, այս շահերը պետք է գերակշռեն։

Սակայն այժմ Երևանի ներկայիս իշխանության ներկայացուցիչներն առաջնորդվում են այլ նպատակներով։ Հռչակվել է Եվրոմիությանն ուղղված կողմնորոշման նպատակ, ընդունվել է օրենք՝ Եվրոմիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին։

Եվրասիական տնտեսական միության երկրները մայիսյան գագաթնաժողովում հայտարարություն են ընդունել՝ կոչ անելով Հայաստանի ղեկավարությանը հանրաքվե անցկացնել և կողմնորոշվել՝ ցանկանո՞ւմ եք անդամակցել Եվրոմիությանը, թե՞ ուզում եք մնալ Եվրասիական տնտեսական միությունում։

Իմ կարծիքով՝ սա միանգամայն արդարացված խնդրանք է։ Մի կազմակերպության նորմերը անհամատեղելի են մյուս կազմակերպության նորմերի հետ։ Այս մասին արդեն բազմիցս խոսվել է»,- նշել է նա։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին