Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին հետևյալ նպատակների շուրջ.
Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում
Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների
Ազգային ինքնության և Հայ առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանություն
Ժողովրդավարական իրավունքների և ազատությունների վերականգնում
Համատեղ հայտարարարության մեջ նշվում է, որ ընդդիմադիր հավաքին մասնակից ուժերը համաձայնում են միավորել իրենց ջանքերը գերակա ազգային խնդիրների շուրջ՝ հանրային միասնության մթնոլորտ ձևավորելու և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու համար։
«Բոլոր քաղաքական ուժերին, հանրային և հասարակական գործիչներին կոչ ենք անում մաս կազմել ազգային այս համախմբման․․․ Միացեք մեզ՝ պաշտպանելու մեր երկրի իրական անկախությունը»,- հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
***
Ընդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպումը տեղի է ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տանը։
Հանդիպմանը ներկա էին հետևյալ քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ «Հայաստան» դաշինք, «Հայաքվե», «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն», «Միասին», «Դեմոկրատական այլընտրանք», «Նոր դարաշրջան», «Միավորված հայեր»։
Դիմելով քննարկման մասնակիցներին՝ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը նշել էր․
«Այստեղ հավաքվել են հայկական քաղաքական դաշտի պատվարժան ներկայացուցիչներ։ Մենք գիտենք, որ հայկական քաղաքական դաշտը միշտ շատ բարդ է միավորվում, բայց այսօր, առերեսվելով մեր երկրի առջև ծառացած խնդիրներին, եկել ենք մի համոզմունքի, որ թեպետ ունենք շատ տարաձայնություններ, անցած տարբեր ճանապարհներ, բայց մի քանի կետերի շուրջ պետք է ունենանք վերջնական դիրքորոշում, որ կարողանանք էֆեկտիվ պայքարել մեզ պարտադրվող զիջումների դեմ»։


