«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որը, ժամանակագրական առումով, հաջորդել է լրատվամիջոցներից մեկում՝ «Նոր Զովք»-ի հասցեին ներկայացված քննադատական նյութին։
«Ինչպե՞ս է «Զովքը» ծաղրում և մոլորեցնում իր հաճախորդներին» վերնագրով հոդվածում ՄակարանՆյուզը գրել էր․ «Ժամանակին իր մեքենայությունների համար ՊԵԿ-ի և իրավապահների թիրախում հայտնված «Զովք» սուպերմարկետների ցանցը, որ անուն է հանել` իբրև իր մշտապես ցածր գներով, իրականում, գնային մանիպուլյացիաներ է անում` մոլորեցնելով իր հաճախորդներին:
Օրինակ` հաճախ ենք հանդիպել դեպքերի, երբ «Զովքում» մի ապրանքի գինը նշված է ակցիայով, որ իբրև թե զեղչվել է, ու հաճախորդին թվում է, թե ինքը տվյալ ապրանքը գնում է շուկայում ամենացածր գնով, բայց, արի ու տես, նույն ապրանքը շատ այլ խանութներում, ընդ որում` ոչ ցանցային ու փոքր մարկետներում, առանց զեղչի շատ ավելի էժան է, քան «Զովքում»` ակցիայով: Այսինքն` բացահայտ խաբում և մոլորեցնում են իրենց հաճախորդներին:
Բայց սա ամենը չէ: «Զովքը» նաև կուտակային քարտերի համակարգ է ներդրել, որը բառացիորեն ծաղր է հաճախորդների նկատմամբ: Նախ այդ կուտակային քարտերի վրա մինչև 5000 դրամ գնումների դեպքում ընդամենը առևտրի 0.5 տոկոսն է կուտակվում, և միայն 5000 դրամից ավելի գնումների դեպքում է, որ այդ 0.5 տոկոսը դառնում է հազիվ 1 տոկոս: Սա այն դեպքում, երբ շատ փոքր մարկետների տրամադրած կուտակային քարտերի վրա միանգամից 1-2 տոկոս է կուտակվում:
Այսքանով, սակայն, «Զովքի» կողմից իր հաճախորդների նկատմամբ ծաղրը չի ավարտվում: Վերջերս պատահաբար պարզեցինք, որ նույնիսկ այդ չնչին 0.5-1 տոկոսը ոչ բոլոր ապրանքների դեպքում է կուտակվում: Մասնավորապես, հերթական առևտրի ժամանակ մեզ «Զովքում» ասացին, թե կուտակային համակարգը չի տարածվում մսեղենի, հացի և ակցիայով ապրանքների վրա: Այսինքն, եթե հաճախորդը «Զովքից» գնի, ասենք, 20.000 դրամի միս և հաց, իրենց տրամադրած քարտին ոչ մի լումա էլ չի կուտակվի:
Սրանք էժանագին ու խոշոր ցանցին ոչ պատվաբեր քայլեր են, որոնցով իր գովազդի վրա միլիոնավոր դրամներ ծախսող «Զովք» սուպերմարկետների ցանցը, փաստացի, ծաղրում, խաբում և մոլորեցնում է իր հաճախորդներին»:
Նշենք, որ ավելի ուշ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը հետևյալ գրառումն է կատարել, որը, ֆեյսբուքյան օգտատերերի մոտ տպավորություն է թողել, որ արձագանք է մամուլի հրապարակումներին։
Ռաֆայել Խաչատրյանի գրառումը՝ ստորև․
«Երևանում մարդն իր խոսքով է ճանաչվում։ Բակում մեկի մասին մի բան ասեիր՝ պիտի կարողանայիր վաղն էլ նույնը կրկնել՝ նրա աչքերին նայելով։ Իսկ եթե մեկին մեղադրում էիր, մարդիկ մի պարզ հարց էին տալիս․ «Ասածիդ տե՞ր ես»։ Ու եթե այդ պահին հայացքդ փախցնեիր, հաջորդ անգամ նույն բակում կարող էիր երկար խոսել ու հանկարծ նկատել, որ քեզ այլևս ոչ ոք չի լսում։
Այսօր մի խոսափողը բավական է, որ ասածդ մի ակնթարթում հասնի հազարավոր մարդկանց։ Երբեմն մի բան այնքան վստահ են ասում, որ լսողներն էլ նույն վստահությամբ պատմում են ուրիշներին։ Պատահում է՝ գործին առնչվող մարդիկ մի փաստ բացեիբաց հաստատում են, իսկ խոսափողի առաջ նույն փաստը ներկայացվում է իբրև սենսացիոն բացահայտում։ Փաստը նույնն է, պատմելիս ընդամենը մի շեշտ է փոխվել, ու լսողն արդեն համոզված է՝ իրենից մի բան էին թաքցնում։ Հենց էդ համոզմունքն էլ բերնեբերան մի ամբողջ քաղաք է պտտվում, մինչև մեկը վերջապես հարցնում է․ «Բա որտեղի՞ց գիտես, որ թաքցվում է»։ Ու էդ ժամանակ է պարզվում՝ խոսքը կրկնող շատ կար, ասածին տեր կանգնող՝ քիչ։
Ու ես արդեն աչքիս առաջ տեսնում եմ այդ օրը։ Խոսափողը չի աշխատում, մարդիկ ցրվել են, իսկ երեկ մի ամբողջ քաղաքի առաջ այդքան վստահ խոսող մի քանիսն այսօր գլխիկոր անցնում են դալանով։ Սկզբում դանդաղ են քայլում՝ ամեն մեկը մի սովորական անցորդի պես։ Հետո քայլերն արագացնում են, իսկ առաջին իսկ անկյունից այն կողմ արդեն վազում են՝ դալանից դալան, բակից բակ, մինչև քաղաքի ծայրը։ Ու ամեն շրջադարձին հետ են նայում։
Պարտադիր՝ հետ են նայում։
Հետևից ոչ ոք չի գալիս։ Միայն կամարների տակ իրենց իսկ ձայնն է դեռ արձագանքում։
Այո՛, այս քաղաքը շատ անգամ մաքրվում է դալաններով։
Երևանում միշտ էլ այդպես է եղել․ դալանը բակից դուրս գալու ճամփա ունի, իսկ սեփական խոսքից դուրս գալու ճամփա չկա»։


