|
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ինչպես կանխատեսելի էր՝ ալիևյան սահմանադրության նախագիծ, նոր սահմանադրություն ընդունելու որևէ այլ հիմնապատճառ ներկայացված չէ։
- Հանված է հղումը Անկախության հռչակագրից
- Հանված է Արարատ լեռը՝ որպես թուրքական վաղեմի պահանջատիրության արդյունք
- Զիփ արված, պոպուլիստական լեզվամտածողությամբ համեմված, որոշակիության ու ինստիտուցիոնալ այլ խնդիրներ պարունակող նախագիծ
- Հա մեկ էլ սյուռ է, որ դատավորները ժամանակավոր պաշտոնակատար են դառնալու ու գնահատվեն վերագնահատման հանձնաժողովի կողմից. դատավորները, որոնց 65%ը դեռ 2 տարի առաջ՝ ըստ Նիկոլ Փաշինյանի նշանակվել էին իրենց կողմից»։
***
|
|
ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հրապարակված փաստաթղթի վերաբերյալ կարելի է կարճ ու հստակ արձանագրել․ սա իր ձևով, բովանդակությամբ, էությամբ և ոգով Սահմանադրության նախագիծ չէ։
Սա արտաքին պարտադրանքի և նեղ քաղաքական, անձնական շահերի սպասարկմանն ուղղված փաստաթուղթ է՝ հենց այն, ինչի մասին նախազգուշացնում էինք և հենց այս ամենը հստակ մերժելու համար կալանավորված է Սամվել Կարապետյանը։
2018 թվականին տրված խոստումների և այսօրվա իրականության անհամադրելիությունն ուղիղ արտացոլանքն է այն ճշմարտության, որ բացարձակ իշխանությունը կործանում, քայքայում ու խժռում է ամեն բան, բայց այս դեպքում արձանագրվում է «նոր նշաձող»՝ այդ ամենն արվում է նաև արտաքին պարտադրանքով ու թելադրված պայմաններով։
Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին»։
***
|
|
Փաստաբան Վարդուհի Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Շատերն անդրադառնում են այն հանգամանքին, որ դեռ Սահմանադրության նախագծի տեքստը չհրապարակած՝ մի խումբ օգտատերեր առանց կարդալու շնորհակալություն են հայտնել այդ հրաշալի նախագծի համար Փաշինյանին.
Զարմանալու բաներ եք ասում. այդ մարդիկ ռոճիկ են ստանում շնորհակալություն հայտնելու, ոչ թե սահմանադրության նախագիծը կարդալու համար կամ ասենք կարդացին՝ ի՞նչ է փոխվելու, հենա մենք էլ կարդացինք ու հիմա մարդա մի շիշ վալերյանկա ենք խմում»։
***
|
|
Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի հրապարակումն արձագանք է գտել ադրբեջանական լրատվամիջոցներում։ Վերջինները, անդրադառնալով փաստաթղթին, ուշադրություն են դարձրել նախագծի նախաբանում Անկախության հռչակագրին հղման բացակայությանը։ Operativ Media-ն գրում է, որ Սահմանադրության նոր նախագծում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան։ Report.az-ն իր հերթին նշում է, որ սա Ադրբեջանի վերջին պայմանն է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։
APA-ն իր հրապարակման մեջ անդրադառնում է Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության հանրաքվեի վերաբերյալ հայտարարությանն ու ընդդիմությանն արված առաջարկին:
***
|
|
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրապարակված նոր Սահմանադրության նախագծից Անկախության հռչակագրի հղումը հանելը՝ Ալիևի պահանջներին ընդառաջ, նշանակում է ական դնել մեր ազգային ինքնության, պատմական հիշողության, Հայաստանի անկախության և պետականության հիմքերի տակ։
Երբ իշխանության կողմից բերված Սահմանադրության նախագիծն ինքնին վտանգում է մեր պետականության պատմական հիմքերը, նոր տեքստում տեղ գտած մյուս հակաժողովրդավարական դրույթների մասին երկար խոսելն անգամ ավելորդ է դառնում։
Հայաստանի Սահմանադրությունը չի կարող գրվել Ալիևի պահանջների թելադրանքով։ Մեր պետականությունը սակարկության առարկա չէ»:
***
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սա իմ Սահմանադրությունը չէ։
Սա հայ ժողովրդի հավաքական ենթարկեցման և կապիտուլյացիայի փաստաթուղթ է։ Սա ոչ թե «Այո» կամ «Ոչ» քննարկման, այլ ի բնե մերժման ենթակա է: Սրա վրա մի կողմից դաջված է ադրբեջանածինությունը: Մյուս կողմից ՔՊ-ի ապագա իշխանության անվերահսկելիությունն ու ավտորիտարության սահմանադրական հիմքերն ու ամրագրումները:
Նոր Սահմանադրության նախագծի նախաբանից է: «Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»։
Ուշադրություն դարձրեք «մեր հավաքական պայմանավորվածությունն է» ձևակերպմանը։ Հենց այս մասին էի խոսում իմ վերջին հոդվածում։
Ալիևին Փաշինյանն այլևս պետք չէ։ Փաշինյանի համաձայնությունը նա վաղուց ունի։ Հիմա նրան պետք է հայ ժողովրդի հավաքական համաձայնությունը։ Նրան պետք է, որ ձեր «այո»-ն դառնա ձեր անձնական ստորագրությունը՝ Ադրբեջանի պահանջը որպես Հայաստանի ժողովրդի սեփական որոշում ներկայացնելու համար։
Հենց այստեղ է այս հանրաքվեի քաղաքական իմաստը։ Իշխանությունը ցանկանում է, որ իր ընդունած պարտադրանքը մենք վավերացնենք մեր քվեով։ Հետո նույն իշխանությունը մեր իսկ քվեն ցույց կտա մեզ ու կասի՝ «Դո՛ւք եք որոշել»։
Ես ՀՀ քաղաքացի եմ։ Իմ անունից որևէ մեկը չի կարող արտաքին պահանջը հռչակել «մեր հավաքական պայմանավորվածություն»։ ՔՊ-ի համաձայնությունը իմ համաձայնությունը չէ։ Իր որոշման տակ թող ինքը ստորագրի։
Սահմանադրությունը փոխելու հարց չկա։ Հայաստանում Ադրբեջանի պահանջը իրականացնողին փոխելու հարց կա։
P.S. Սա է իմ դիրքորոշումը:
Դարձրեք այն նաև ձերը»:
***
|
|
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նոր Սահմանադրության նախագիծը բացում ես, հենց առաջին հոդվածը՝ 1. Հայաստանի Հանրապետության հիմնադիրը։
«Ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունը հիմնադրել է...»։
Ե՞րբ ա հիմնադրել, ո՞նց ա հիմնադրել, ի՞նչ փաստաթղթով ա հիմնադրել։ ՀՀ գոյությունը փաստող անձնագիրը Անկախության հռչակագիրն ա, որը հանել եք»:
***
|
|
Ադրբեջանը դրական է գնահատում Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում տարածքային պահանջների բացակայությունը։ Ադրբեջանական Report-ի հաղորդմամբ՝ այս մասին Բաքվում Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը երկու երկրների կողմից նախաստորագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ Վաշինգթոնում։ «Ադրբեջանի դիրքորոշումն այդ ժամանակ հստակ ներկայացրել ենք և այժմ կրկնում ենք։ Բաքուն պատրաստ է ստորագրել փաստաթուղթը մեկ պայմանով՝ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները»։
Նա նշել է, որ այդ ուղղությամբ որոշակի առաջընթաց կա։ «Վարչապետ Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը։ Ես ձեռնպահ կմնամ Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ մեկնաբանություններից, քանի որ դա նրա ներքին գործն է։ Մեզ հետաքրքրող միակ հարցն այն է, որ նոր նախագծում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չլինեն։ Ըստ ամենայնի, նոր նախագծում նման դրույթ չկա, և մենք դա դրական ենք գնահատում»,- ասել է նա։
***
|
|
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱԼԻԵՎԻ ՊԱՀԱՆՋԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՏՐՎԱԿՈՎ՝ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՊԵՐՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Տեքստը կարդացինք, ուսումնասիրեցինք։ Ահա առաջին արձագանքը։
Ինչպես և կանխատեսում էինք, «հանուն խաղաղության» Ալիևի պահանջներն իրականացնելու հետ մեկտեղ Փաշինյանը «ձեռի հետ» որոշել է էլ ավելի անսասան դարձնել իր կամայական անձնական իշխանության ինստիտուցիոնալ և սահմանադրական հիմքերը։
Այս նախագծով Փաշինյանը ոչ միայն պահպանում է սուպերվարչապետական համակարգի հիմքը, այլև ընդլայնում է վարչապետի անձնական լիազորությունները։ Մասնավորապես՝ ընդլայնվում են վարչապետի ռազմական լիազորությունները և թուլացվում են դատական անկախության կարևոր երաշխիքները։
Դատարանների նկատմամբ քաղաքական ազդեցությունն աճում է։ Բարձրագույն դատական խորհրդի բոլոր տասը անդամներին ընտրելու է Ազգային ժողովը։ Այսօր նրանցից հինգին ընտրում են հենց դատավորները։ Գործող առաջին ատյանի, վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների դատավորները դառնում են ժամանակավոր պաշտոնակատարներ, իսկ նրանց պաշտոնում մնալը կախված է լինելու վերագնահատումից։ Վերագնահատող հանձնաժողովի բոլոր անդամներին ընտրելու է ԱԺ-ի պարզ մեծամասնությունը (58-րդ և 85-րդ հոդվածներ)։
Վարչապետի ձեռքում ավելի մեծ ուժ է կենտրոնացվում նաև երկրի ներսում։ Նա գերագույն հրամանատար է դառնում նաև խաղաղ ժամանակ։ Անհետաձգելի դեպքում նա կարող է որոշում կայացնել երկրի ներսում զինված ուժերի կիրառման մասին՝ առանց պաշտպանության նախարարի առաջարկի։ Կառավարությունը կարող է վերացնել այդ որոշումն արդեն դրա կայացումից հետո (57-րդ հոդված)։
Այսպիսով, առաջարկված Սահմանադրությունն ուղղված է երկու խնդրի լուծմանը։
1. Կատարել Անկախության հռչակագրին հղումը հանելու Ալիևի պահանջը։
2. Փլուզել դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքները՝ վարչապետին դարձնելով բռնապետ։
Իրականում այս ամենը շատ տրամաբանական է։ Ազգային պետությունը քանդող ղեկավարը պետք է ունենա դիկտատորական լիազորություններ»։
|