Եթե Հայաստանն այլևս ՀԱՊԿ-ին անդամակցելու կարիք չունի, ապա Երևանն ազատ է համապատասխան որոշում ընդունել և լքել կազմակերպությունը
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով
***
|
Հայաստանը տնտեսական և քաղաքական բացասական հետևանքներ կկրի Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ կապերը խզելու հետևանքով, եթե անդամակցի Եվրոմիությանը, РИА Новости-ին ասել է սենատոր Սերգեյ Պերմինովը։ «Հայաստանի համար ԵՄ տանող ճանապարհը տասնամյակներ տևող մարաթոն է՝ անորոշ ավարտով։ Սակայն Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ կապերը խզելու տնտեսական և քաղաքական բացասական հետևանքները Երևանը կզգա այստեղ և հիմա։ «Երկու աթոռի վրա նստելու» փորձը միշտ ճակատագրական ավարտ է ունենում»,- ասել է Պերմինովը։ Սենատորը նշել է, որ Փաշինյանի՝ ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու մասին հայտարարությունը «նշանավորում է Երևանի պաշտոնական և, հավանաբար, անշրջելի քաղաքակրթական շրջադարձը դեպի Արևմուտք»։ Բացի այդ, քաղաքական գործիչը նշել է, որ դա անխուսափելիորեն կհանգեցնի Մոսկվայի հետ հարաբերությունների խորը ճգնաժամի։ «Քաղաքական առումով այս քայլը Ռուսաստանի կողմից կընկալվի որպես Հայաստանի՝ դաշնակցային հարաբերություններից և պարտավորություններից վերջնական հրաժարում։ Գործնական առումով դա վտանգի տակ է դնում անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությունը, տարածաշրջանում ռուսական ռազմական օբյեկտների գործունեությունը, ինչպես նաև Մոսկվայի կողմից Երևանի համար նախկին արտոնությունների վերանայումը»,- հավելել է խորհրդարանականը։ «Ամենայն հավանականությամբ, Երևանը ստիպված կլինի նախաձեռնել ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց, կամ կբախվի միության մյուս անդամների կողմից սահմանվող խիստ պաշտպանական միջոցառումների և առևտրային սահմանափակումների։ Հայաստանի տնտեսության համար, որը խիստ կախված է ռուսական շուկայից, էներգակիրներից և դրամական փոխանցումներից, այս անցումային շրջանը լուրջ փորձություն կլինի, որի ելքը կանխատեսելի է՝ հաշվի առնելով Բրյուսելի՝ Երևանին հսկայական ֆինանսական կորուստները փոխհատուցելու իրական անպատրաստությունը»,- նշել է սենատորը։ |


